Տիգրան Համասյան. Ատելությունը չէր այն պատճառը, որ մենք եկել էինք Կարս
Հայտնի ջազ երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ` «Լույս ի լուսոյ» խորագրի ներքո համերգներով հանդես են եկել Թուրքիայում՝ Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում, Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, Վաքըֆի Սուրբ Աստվածածին եկեղեցում, Ստամբուլի Սուրբ Իրեն բյուզանդական եկեղեցում, նաև Կարսում և Անիում:
Այսօր Տ. Համասյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Բավականին տխուր է, երբ քեզ սպառնում են Կարսում՝ այն շրջանում, որտեղից գալիս է արմատներդ: Մենք ընդամենը երգել ենք հայերեն հոգևոր երգեր և շարականներ: Ես դեմ եմ ցանկացած ծայրահեղականության: Ատելությունը չէ այն պատճառը, որ մենք եկել ենք Կարս՝ կատարելու հայերեն շարականներ…այլև եկել ենք մարդկանց հիշեցնելու, որ ատելությունը չէ ազատ լինելու ու ինքդ քեզ հետ խաղաղ լինելու ճանապարհը, նաև հիշեցնելու, որ այն մարդիկ, ովքեր քաղաքական նպատակներով «օգտագործում են» հավատքը, մարդկանց միջև հաճախ ատելություն են սերմանում: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցեցին Կարսում և Անիում կազմակերպել համերգներ»:
«Լույս ի Լուսոյ»-ն Տիգրան Համասյանի յուրօրինակ նախագիծն է դաշնամուրի և երգչախմբի համար: Տիգրանի նոր երաժշտական նախաձեռնությունը 5-ից 20-րդ դարերի հայկական հոգևոր երաժշտության նորովի մեկնաբանությունն է, որը 2015-ի սեպտեմբերին ECM ընկերության հետ համատեղ կթողարկվի ձայնասկավառակի տեսքով: Երգացանկում հավաքված են Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Պահլավունու, Ներսես Շնորհալու, Մխիթար Այրիվանեցու, Մակար Եկմալյանի ստեղծագործությունները։ Նախագծի շրջանակում Տիգրանը կատարում է նաև Նարեկացու «Տաղ Յարութեան»-ը:
«Լույս ի Լուսոյ»-ում ընդգրկված ստեղծագործությունների թվում են նաև Պահլավունու «Ով զարմանալի»-ն ու Կոմիտասի «Հայրապետական մաղթերգ»-ը:
«Լոյս ի Լուսոյ»-ի շրջագայությունը սկսվել է մարտի 24-ին երևանյան պրեմիերայով և շարունակվում է: Տարվա ընթացքում համերգներ են լինելու նաև Լիբանանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Չեխիայի, Անգլիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի 100 եկեղեցում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան