Վերահաստատվել է Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնության ծրագիրը
ԱՄՆ Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովը սենատոր Մարկ Քըրքի նախաձեռնությամբ վերահաստատել է Միացյալ Նահանգների կողմից Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնության տրամադրելու ծրագիրը, որն առաջին անգամ մեկնարկել է 1998թ-ին: Այս մասին հայտնում է Asbarez-ը:
«Սենատոր Քըրքը հիանալի աշխատանք է տարել կենսական նշանակություն ունեցող օգնության ծրագրի շարունակման ուղղությամբ»,-ծրագրի հաստատման կապակցությամբ Սենատոր Քըրքին իր շնորհակալության խոսքն է հայտնել ԱՄՆ Հայ դատի հանձնաժողովի նախագահ Քեն Հաչիկյանը:
Հանձնաժողովը ևս մեկ անգամ կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաև կարևորել հակամարտության հետևանքով բոլոր տուժածներին շարունակական բնույթ կրող օգնության տրամադրման անհրաժեշտությունը:
Բացի այդ, ԱՄՆ օրենսդիրները կարևորել են Լեռնային Ղարաբաղի տարածքով մեկ` հատկապես ներքին` ոչ սահմանային, ու գյուղատնտեսական նշանակություն ունեցող տարածքներում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը:
Արտաքին հատկացումների հանձնաժողովն առաջարկել է 20.06 մլն դոլարի տնտեսական օգնություն տրամադրել Հայաստանին, ինչպես նաև 1.7 մլն դոլար` որպես ռազմական օգնություն և ևս 600.000 դոլար` ռազմական մարզումներ անցկացնելու համար: Հայտնի է, որ հարևան Ադրբեջանի ու Վրաստանի համար օրենսդիրներն առաջարկել են որպես տնտեսական օգնություն տրամադրել 8.778 մլն և համապատասխանաբար 54 մլն դոլար:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ-ի կողմից տրամադրված մարդասիրական օգնությունը 2014-ին կազմել է 2 մլն դոլար։