Եմենում մեկշաբաթյա հումանիտար հրադադար կհաստատվի
Եմենում հուլիսի 10-ին հումանիտար հրադադար կհաստատվի, որը կտևի մինչև սրբազան ամսի՝ Ռամադանի ավարտը՝ հուլիսի 17-ը: Այս մասին հայտնում է «Բի-բի-սի»-ն:
«ՄԱԿ գլխավոր քարտուղարը հույս ունի, որ Եմենի հակամարտող բոլոր կողմերը կմասնակցեն հումանիտար դադարին, որը մեկնարկելու է հուլիսի 10-ին և ձգվելու մինչև Ռամադանի ավարտը»,-ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիքը:
Հրադադարն ուժի մեջ կմտնի տեղի ժամանակով ժամը 23:59-ին:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հուսիների դեմ օդային հարձակումները սկսել էր մարտի 26-ին, երբ հուսիները գրավել էին Ադեն քաղաքի մեծ մասը ու ստիպել գործող նախագահին փախչել երկրից: Ըստ ՄԱԿ տվյալների՝ այս ընթացքում զոհվել է ավելի քան 3000 մարդ, իսկ բնակչության 80 տոկոսը՝ 25 մլն մարդ, հումանիտար օգնության կարիք ունի: