Օռնելլա Մուտին անհամբեր սպասում է հայաստանյան այցին
Այսօր Երևան կժամանի «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը` Իտալացի կինոդերասանուհի Օռնելլա Մուտին: Մուտին և անձնակազմը «Զվարթնոց» oդանավակայանում վայրէջք կկատարեն ժամը 20:15-ին: Այս մասին հայտնում են փառատոնի մամուլի կենտրոնից:
Ըստ դերասանուհու վերջին ֆայսբուքյան գրառման, նա անհամբեր սպասում է հայաստանյան այցին:
Նշենք, որ «Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի կունենա դերասանուհու մասնակցությամբ «Սվանի սերը» կինոնկարի Երևանյան պրեմիերան:
Կինոփառատոնի պատվավոր հյուրերից գերմանացի դերասանուհի Նաստասյա Կինսկին արդեն Երևանում է: Փառատոնի օրերին տեղի կունենա Նաստասյա Կինսկիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:
«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ կինոփառատոնի մեկնարկը տրվելու է վաղը Ռոբեր Գեդիգյանի (Կետիկյան)` Կաննի հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկված «Խենթ պատմություն» (Ֆրանսիա, 2015) ֆիլմի ցուցադրությամբ:
Փառատոնային օրերին՝ մինև հուլիսի 19-ը, ընդհանուր առմամբ կցուցադրվի մոտ 200 ֆիլմ: Փառատոնն այս տարի ստացել է շուրջ 1600 հայտ` 105 երկրից: Ընտրված 76 ֆիլմից 12-ը կմրցեն Միջազգային Խաղարկային, 13-ը` Միջազգային Վավերագրական, 17-ը` Հայկական համայնապատկեր, և 34-ը` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում: Մրցութային ֆիլմերի աշխարհագրությունը այս տարի ընդգրկում է 26 երկիր: Փառատոնի ծրագրերում կներկայացվեն համաշխարհային հնչողություն ստացած մրցանակակիր ֆիլմեր, մասնավորապես՝ Կաննից, Բեռլինից և Վենետիկից:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա