Բանակում քրեածին տարրերով հանցագործությունների թիվը տարեցտարի նվազում է. վստահեցնում է Մովսես Հակոբյանը
Զինված ուժերում քրեածին իրավիճակը վերահսկելի է և մտահոգության տեղիք չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը: Նշենք, որ Մ.Հակոբյանը այցելել էր Հանրապետական կենտրոնական հավաքակայան` ծանոթանալու ամառային զորակոչի գործընթացին և զորակոչի շրջանակներում իրականացվող աշխատանքներին:
Նրա խոսքերով՝ եթե համեմատության մեջ նայեն, ապա բանակում քրեածին տարրերով հանցագործությունների թիվը տարեցտարի նվազում է. «Բանակն այս ուղղությամբ աշխատանքը շարունակում ու շարունակելու է, բայց իսպառ բացառել հնարավոր չէ: Ցանկացած ինքնասպանություն կամ դրա փորձ պետք է պարզենք, և եթե այդ դեպքը կապ ունի զինվորական ծառայության հետ, ապա համապատասխան աշխատանքներ են տարվում` դրանք վերցնելու ուղղությամբ: Իսկ եթե կապ չունի, ապա համապատասխան աշխատանք փորձում ենք տանել հասարակությունում, որպեսզի ծառայության ժամանակ նմանատիպ դեպքերից մենք զերծ մնանք»,- ասաց Մովսես Հակոբյանը: