Կաժոյան. Զբոսաշրջիկները նախ ուշադրություն են դարձնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկված հուշարձաններին
ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում յուրաքանչյուր պետության կարող է միայն ներկայացնել իր վարչական տարածքում գտնվող հուշարձանների մասին հայտեր, բայց խորհրդաժողովն այս կաղապարը չունի, հնարավորություն կտա ազատորեն քննարկել հայկական մշակույթի վիճակը ներկայիս աշխարհում: Լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է տալիս Հայաստանին Երևանում՝ «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսի անցկացումը:
Նշենք, որ Երևանում այսօր մեկնարկել է եռօրյա կոնֆերանս, որը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին:
Կոնկրետ ի՞նչ հարցեր են հուզում Հայաստանին, հարցին ի պատասխան, նա ասաց, որ դրանք կարելի է բաժանել երկու խմբի՝ գլոբալ, որը մտահոգում է նաև ողջ մարդկությանը, մշակութային ժառանգության պահպանության իրավիճակը Մերձավոր Արևելքի երկրներում, ինչպես նաև՝ «մեր ելույթներում կրկին կվերհանենք Ջուղայի խաչքարերի խնդիրը»:
Ի՞նչ է տվել Հայաստանին անդամակցությունը Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Պատասխանելով հարցին, Վ. Կաժոյանը նշեց. «Այս կառույցն աջակցում է երկրներին հուշարձանների պահպանության, վերականգնման համար ոչ թե նյութապես, ֆինանսապես, այլ բարձր վարպետության փորձագիտական աջակցությամբ: Ամենամեծ գրավականը, որ ստանում են երկրները, իրենց հուշարձանները, տեսարժան վայրերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակներում ընդգրկելն է, որը նաև տվյալ երկրի համար լավ տեղեկատվական դաշտ է ապահովում: Որևէ երկիր այցելող զբոսաշրջիկ նախ և առաջ ուշադրություն է դարձնում այն հուշարձաններին, վայրերին, որոնք ընդգրկված են լինում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ցայսօր Հայաստանից ընդգրկված են Հաղպատի և Սանահինի վանական համալիրները, Գեղարդավանքը Ազատ գետի հովտով, Էջմիածնի եկեղեցիներն ու Մայր տաճարը, ինչպես նաև Զվարթնոց հնավայրը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում արդեն ներառված է Հայաստանի կողմից ներկայացված չորս մշակութային արժեք՝ «Դուդուկն ու իր երաժշտությունը», «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը», «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսը, «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսեւորումները Հայաստանում»:
Նախորդող հրապարակում՝
Քոչարին հնարավոր է համալրի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը
«ՅՈՒՆԵՍԿՕ-ն որպես կառույց չափազանց կարևոր է մեզ համար». Երևանում մեկնարկեց մշակութային միջազգային կոնֆերանսը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան