Արաբական կոալիցիան հրադադարից երկու ժամ անց վերսկսել է օդային հարվածները
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան խախտել է հուլիսի 11-ի կեսգիշերից հայտարարված հումանիտար հրադադարը՝ օդային հարվածներ իրականացնելով Եմենի մայրաքաղաք Սանայում: Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն:
Կոալիցիան հրադադարը խախտել է այն հայտարարելուց երկու ժամ անց: Տեղացիները հայտնել են ուժեղ պայթյունների մասին:
Հումանիտար հրադադարը, որը տևելու էր մեկ շաբաթ, նպատակ ուներ օգնություն տրամադրել 21 մլն եմենցու: Հակամարտող երկու կողմերը հաստատել էին մարտական գործողությունները ժամանակավորապես դադարեցնելու պատրաստակամությունը:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հուսիների դեմ օդային հարձակումները սկսել էր մարտի 26-ին, երբ հուսիները գրավել էին Ադեն քաղաքի մեծ մասը ու ստիպել գործող նախագահին փախչել երկրից: Ըստ ՄԱԿ տվյալների՝ այս ընթացքում զոհվել է ավելի քան 3000 մարդ, իսկ բնակչության 80 տոկոսը՝ 25 մլն մարդ, հումանիտար օգնության կարիք ունի: