Օռնելլա Մուտին Հայաստանի, Վարդավառի ու երջանկության մասին (լուսանկարներ)
«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր` կինոյի ճանաչված և սիրված դերասանուհի Օռնելլա Մուտին (Ֆրանչեսկա Ռոմանա Ռիվելլի) խոստովանում է, որը փառատոնին մասնակցելու հրավերն ընդունել է, քանի որ Հայաստանի համար այս տարին հատուկ տարի է:
Նշենք, որ «Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի կունենա դերասանուհու մասնակցությամբ «Սվանի սերը» կինոնկարի երևանյան պրեմիերան:
Օռնելա Մուտին՝ Հայաստանի և հայերի իտալերեն խոսելու մասին
«Ես ունեմ մի շատ թանկագին ընկեր, որն ամուսնացել է հայի հետ: Նրա միջոցով ես շատ եմ լսել Հայաստանի մասին: Երբեք չեմ եղել Հայաստանում, ինձ ասել են, որ Հայաստանը կախարդական երկիր է, ոչ թե որովհետև գեղեցիկ է, այլև հոգևոր է: Հենց այդ պատճառով էլ չկարողացա մերժել»,-ասում է դերասանուհին և զարմացած ավելացնում. «Ինչպես է, որ Հայաստանում շատ մարդիկ իտալերեն են խոսում»:
«Սվանի սերը» կինոնկարի ընտրության մասին
Ինձ շատ է դուր գալիս այս կինոփառատոնը, դուր եկավ նաև փառատոնի ֆիլմերի ընտրությունը: «Սվանի սերը» ֆիլմի ընտրությունը ճիշտ է կատարվել: Այն երկար պատմություն ունի, այն ցանկացել են նկարահանել շատ ռեժիսորներ: Երջանիկ եմ, որ կարողացա խաղալ այն դերը, որն ասում են տղամարդու դեր էր: Այդ դարաշրջանը, հագուստը, երկխոսությունները ներկայացնելը շատ հաճելի էին:
Վարդավառի ու ջրվելու մասին
Շատ զվարճալի սովորույթ է: Երևի թե ինձ դուր կգա ջրվել: Բայց շատ ջանքեր թափեցի, որպեսզի լավ տեսք ունենամ և եթե ջրեին, այս ամենը կկորչեր:
Երջանկությունը Մուտիի համար
Մարդ ծնվում է, որպեսզի ուրախանա: Պետք է ինքդ քեզ հետ հարմոնիայի մեջ լինես: Այդ ժամանակ ավելի լավ կկարողանանք հասկանալ այն ինչ ունենք և այն ինչ չունենք: Հասարակությունը մեզ ավելի շատ ցույց է տալիս այն, ինչ չունենք, և հետևաբար մոռանում ենք այն, ինչ ունենք:
«Ամենագեղեցիկ կինը» ֆիլմը
Դերասանուհին պատմում է, որ իր քույրը պետք է մասնակցեր ֆիլմի համար նախատեսված փորձին և խնդրել է իրեն ուղեկցել, որ մենակ չգնա:
«Սա իրական սիցիլիացի կնոջ պատմություն է: Կին, որը դեմ գնաց Սիցիլիայի այն սովորույթին, երբ առևանգված կինը պետք է անպայման ամուսնանա: Ռեժիսորն ընտրեց ինձ այդ դերի համար, ես ընդամենը 14 տարեկան էի: Չնայած ես որոշել էի նկարահանվել այդ ֆիլմում և վերադառնալ սովորելու, բայց… հիմա այստեղ եմ»:
Նկարահանված ֆիլմերի, անելիքների ու հայկական կինոյում նկարվելու մասին
«Կան ֆիլմեր, որոնք քեզ մեծ հռչակ են բերում, որոնք շոյում են դերասանի էգոն: Կան ֆիլմեր, որ պատմական են, օրինակ «Կամակոր տղամարդու սանձահարումը», և երկրորդ ֆիլմը Չելենտանոյի հետ նույնպես: Ես շնորհակալ եմ բոլոր ֆիլմերի համար»:
Հայկական որևէ ֆիլմում նկարահանվելու մասին խոստովանում է, որ Հայաստանը մեծ դերասաններ ունի, օրինակ՝ Ազնավուրը: Եթե առաջարկ լինի, պատրաստ է նկարահանվել հայկական ֆիլմում. «Ճգնաժամը վատացավ, մենք՝ իտալացիներս, գնալով մոտենում ենք հույներին: Տնտեսական ճգնաժամը կինոյի վրա նունպես ազդում է: Ունեմ կարճամետրաժ անգլիական ֆիլմ, մասնակցելու եմ նաև իսպանական ֆիլմի նկարահանմանը: Ռուսաստանում էլ թատերական բեմականացման եմ մասնակցելու, մի քանի ամիս իմ ռուսերենի վրա պետք է աշխատեմ»:
Դերասանից-ռեժիսոր անցումի մասին
«Չգիտեմ, նույն հարցն ինձ որդիս տվեց մի քանի օր առաջ: Փորձ, բայց անվստահություն եմ զգում»,-ասում է դերասանուհին ու նշում` լավ ռեժիսորը պետք է նաև լավ օպերատոր լինի: