Դեսպանն իրանցի ներդրողներին կոչ է արել օգտվել ԵԱՏՄ անդամ ՀՀ-ի ընձեռած հնարավորություններից
«Եթե իրանցի ներդրողներն իրենց ապրանքներն արտադրեն Հայաստանում, ապա առանց որևէ մաքսային վճարի կկարողանան արտադրված ապրանքն արտահանել ԵԱՏՄ-ի անդամ երկրների շուրջ 200 միլիոնանոց շուկա»,-այդ մասին իրանական «Դոնյայե Էղթեսադ» պարբերականին տված հարցազրույցում նշել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը:
Լրագրողի այն հարցին՝ թե Եվրասիական տնտեսական միության անդամ (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցությունն ի՞նչ ազդեցություն կունենա հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վրա, դեսպան Թումանյանը նշել է. «ԵԱՏՄ-ի անդամ 5 պետությունների միջև միասնական մաքսային օրենսգիրք է մշակվել: Եթե իրանցի ներդրողներն իրենց ապրանքներն արտադրեն Հայաստանում, ապա առանց որևէ մաքսային վճարի կկարողանան արտադրված ապրանքն արտահանել ԵԱՏՄ-ի անդամ երկրների շուրջ 200 միլիոնանոց շուկա: Օրինակ. Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետևանքով այդ երկիրը մի շարք ապրանքատեսակների մասով պահանջարկ ունի: Իրանցի ներդրողները կարող են այդ ապրանքներն արտադրել Հայաստանում և առանց մաքսավճարի արտահանել ՌԴ»:
Դեսպան Թումանյանը, անդրադառնալով Հայաստանի ներդրումային քաղաքականությանը, մասնավորապես նշել է. «Օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը գրավիչ է: Շուրջ 10 տարի առաջ Իրանի և Հայաստանի միջև փոխադարձ ներդրումների աջակցության մասին պայմանագիր է ստորագրվել: Սակայն պետք է նշել, որ Իրանում գործող սննդի, մեքենաշինական, պետրոքիմիական և այլ ոլորտում գործող խոշոր գործարանների նույնիսկ մի փոքր արտադրամաս ներկայացված չէ Հայաստանում, նույնը կարող ենք ասել Հայաստանի մասին. Հայկական որևէ խոշոր ընկերություն իր գործունեությունը չի ծավալում Իրանում: Հայաստանում առկա են պրոֆեսիոնալ մասնագետներ, ակտիվ ձեռնարկատերեր, որոնք կարող են օգտակար լինել իրանցի ներդրողներին»:
Շարունակելով խոսքը՝ ՀՀ դեսպանը հավելել է. «ԵԱՏՄ-ի անդամ երկրներից միայն Հայաստանն է, որ GPS+ համակարգի անդամ է, որը հնարավորություն է տալիս որոշ ապրանքատեսակներ ցածր մաքսային վճարներով արտահանել Եվրոպական միություն: Հայաստանում գործում են ազատ առևտրի երկու գոտի, որոնց գործունեությունն ընդգրկում է տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, բիոտեխնոլոգիաների, ինչպես նաև ոսկերչության, ադամանդագործության և ժամագործության ոլորտները»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում