Եգիպտոսում հրաժեշտ են տվել Օմար Շարիֆին (տեսանյութ)
Լեգենդար եգիպտացի դերասան Օմար Շարիֆին հուլիսի 12-ին հուղարկավորել են Կահիրեում: Համաշխարհային կինոաստղի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել մարշալ Հուսեյն Տանտավիի անվան մզկիթում:
Russia Today-ի փոխանցմամբ, դերասանի դագաղը փաթաթված է եղել եգիպտական դրոշով, իսկ վրան գցված է եղել սև ծածկոց, որի վրա արծաթե թելերով մեջբերումներ են գրված եղել Ղուրանից: Սգո արարողությանը ներկա են եղել հանգուցյալի հարազատները, ինչպես նաև եգիպտացի դերասաններ:
Օմար Շարիֆը ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Ծնունդով քրիստոնյա էր, սակայն փոխել է անունը և կրոնը, դառնալով Իսլամի հետևորդ, որպեսզի ամուսնանա դերասանուհի Ֆատեն Համմանի հետ: Ավարտել է Ալեքսանդրիայի Վիկտորիայի քոլեջը, իսկ հետո Կահիրեի համալսարանը ստանալով մաթեմատիկոս ֆիզիկոսի որակավորում։ Դերասանի կարիերան սկսել է 1983 թվականից խաղալով եգիպտական ֆիլմերում։
Նրա առաջին անգլալեզու ֆիլմը ռեժիսոր Դևիդ Լինի նկարահանած մասշտաբային «Լոուրենս Արաբացի» ֆիլմն էր (դերերում Պիտեր Օ'Թուլ, Ալեք Գինես), որտեղ նա խաղալով շերիֆ Ալիի դերը ներկայացվեց «Օսկարի» երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում և այդ ֆիլմով հայտնի դարձավ կինոաշխարհում։ Դրանից հետո խաղացել է Հոլիվուդյան շատ ֆիլմերում: