ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. Ժողովրդավարության ամրապնդման առումով Հայաստանը ճիշտ ուղու վրա է
Հայ-ֆրանսիական հարաբերություններն առանձնաշնորհյալ են: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Նա որպես թարմ օրինակ նշեց Ֆրանսիայի նախագահ Օլանդի մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:
Դեսպանի խոսքով, Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունների օրակարգը ընդգրկուն է: Նա տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ ևս երկու խոշոր միջոցառում կա. «Հոկտեմբերի կեսին Երևանում կհավաքվեն ֆրանկոֆոն երկրների նախարարները, իսկ նոյեմբերին կկայանա հայ-ֆրանսիական երկրորդ գործարար համաժողովը»:
Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին, դիվանագետն ասաց, որ Ֆրանսիան Հայաստանը կայունացման բևեռ է համարում տարածաշրջանում:
«Փարիզը որպես համանախագահող ակտիվորեն ներգրավված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Համանախագահող երեք երկիրն էլ ներդաշնակ են աշխատում: Ֆրանսիան լիակատար հանձնառություն ունի որպես համանախագահող՝ գտնելու հակամարտության լուծման բանակցված, փոխընդունելի տարբերակ»,- նշեց դեսպանը:
Ֆրանսուա Շարպանտիեն ուշադիր հետևել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ակցիաներին: Նա գործընթացը դիտարկում է ժողովրդավարության տրամաբանության շրջանակում. «Նորմալ է, որ ժողովրդավարական երկրում ինչ- որ բանի հետ չհամաձայնող մարդիկ բողոք են արտահայտում: Մյուս կողմից նորմալ է նաև, որ պետական լիազոր մարմինները միջամտում են հասարակական կարգն ապահովելու համար»:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը համոզված է, որ ժողովրդավարության ամրապնդման առումով Հայաստանը ճիշտ ուղու վրա է. «Այս արժեքը կարևորագույնն է ազատություն, հավասարություն, եղբայրություն քարոզող երկրի համար»:
Վաղը Ֆրանսիայի ազգային տոնն է, որի գլխավոր խորհուրդն, ըստ դեսպանի, հենց ժողովրդի կամքի գերակայությունն է, որի շնորհիվ Ֆրանսիան 1789-ին դարձավ հանրապետություն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին