«Ոսկե ծիրան» 12-րդ փառատոնը բացված է
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» 12-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնակիցները և ներկաները հարգանքի տուրք մատուցեցին Օմար Շարիֆի հիշատակին:
Մինչ բացումը տեղի ունեցավ կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին փառատոնի պատվավոր հյուրեր Օռնելա Մուտին, Նաստասյա Կինսկին, ինչպես նաև անվանի արվեստագետներ և հյուրեր:
«2015 թվականը յուրահատուկ տարի է: «Ոսկե ծիրան»-ը տարբեր երկրներում կազմակերպեց Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ֆիլմերի ցուցադրություններ: «Ոսկե ծիրան» փառատոնն այս տարի իրականացրել է Ցեղասպանությանը նվիրված «Այլևս երբեք» ծրագիրը»,-բացման ժամանակ նշեց ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան Սերժ Ավետիքյանը:
Կինոփառատոնի բացմանը ներկա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը մասնակիցներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության վերապրած-ականատես Ավրորա Մարդիգանյանի պատմությունը:
«Նա հերոսուհի էր, ով կարողացավ իր պատկերացրած ձևով ոչ միայն օգնել է իր ժողովրդին, այլև հարված հասցնել իրեն նեղացնողին»,-նշեց Հայկ Դեմոյանը:
Լուսանկարներն` այստեղ: