Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությունն Արցախում է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է Ամերիկայի հայկական համագումարի դերը քաղաքական, տնտեսական և տեղեկատվական ոլորտներում Արցախին սատարելու, մեր հանրապետության մասին աշխարհին ճշմարտացի տեղեկություններ ներկայացնելու գործում:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից էլ տեղեկացնում են, որ այսօր պատվիրակության անդամներին ընդունել է նաև ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Ողջունելով հյուրերին` վարչապետը կարևորել է Ամերիկայի հայկական համագումարի դերը հայապահպանության և հայրենանպաստ ծրագրերի շուրջ սփյուռքահայությանը համախմբելու և ԱՄՆ-ում հայկական շահերի պաշտպանության գործում: Ա. Հարությունյանը հույս է հայտնել, որ կազմակերպությունում տեղի ունեցած վերջին փոփոխությունները նպաստելու են ԱՀՀ գործունեության էլ ավելի ակտիվացմանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանը հակիրճ տեղեկատվություն է հաղորդել կառույցի գործունեության մասին և նշել, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը շարունակում է մնալ համագումարի օրակարգային հարցերից մեկը:
Նա հետաքրքրվել է Արցախի առաջնահերթ խնդիրներով և աջակցելու պատրաստակամություն հայտնել դրանց լուծման գործում:
Կողմերը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները քաղաքական, տնտեսական և մարդասիրական ուղղություններում: Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ հետագա քայլերի վերաբերյալ: