ՀԷՑ-ը Հաղթանակ թաղամասի բնակիչներին տույժ է վճարելու
Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներն անտանելի են դառնում: Հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում թաղամասի տարածքում հոսանքազրկումներն ավելի հաճախակի են դարձել ու ավելի երկար են տևում:
Երեկ էլ Վարդավառը նշելուց հետո տուն վերադարձած բնակիչները պարզել են, որ օրինակ լողանալ չեն կարող: Խմբագրություն ահազանգած քաղաքացին պատմեց, որ երեկոյան ժամը 22-ին տուն են հասել, տեսել են լույս չունեն, սպասել են մեկ, երկու, երեք ժամ: Էլեկտրաէներգիայի մատակարարումն այդպես էլ չի վերականգնվել:
«Ոչ երեխաներին կարողացանք լողացնել, ոչ էլ մենք: Էլ չեմ խոսում մյուս բաների մասին: Տոնը հարամեցին»,-նկատեց քաղաքացին:
ՀԷՑ ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ վթարային անջատում է եղել: Թաղամասում ապրող ՀԷՑ-ի բաժանորդներին էլեկտրաէներգիա մատակարարող ենթակայանները, ըստ մամուլի խոսնակի, իրենց սեփականության ներքո չեն, իրենք ցանկացած պահի չեն կարող մուտք գործել այնտեղ: Դրա համար հոսանքազրկումները երկար են տևում, մինչև գտնում են տիրոջը, բացում, հասկանում պատճառը. «Այնտեղ ինչ-որ քարի ցեխեր կան, դրանց տարածքում են ենթակայանները: Ենթակայանը փակ է, շներն էլ բաց թողած: Մուտք գործելու խնդիր կա: Բնականաբար, մինչև գտնում են, գալիս են, բացում են, երկար է տևում»:
Ինչո՞վ են մեղավոր սպառողները: Ն. Սարջանյանն ընդունում է, որ բաժանորդները մեղավոր չեն: Կոնկրետ երեկվա համար, ըստ մամուլի խոսնակի, ընկերությունը պատրաստվում է տույժեր վճարել բնակիչներին, քանի որ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է ավելի ուշ, քան նախատեսված է: ՀԷՑ-ի ներկայացուցչի տվյալներով, երեկ Հաղթանակ թաղամասի բնակիչները 5.5 ժամ հոսանք չեն ունեցել, մինչդեռ ընկերությունը պարտավոր էր 4 ժամվա ընթացքում վերականգնել էլեկտրաէներգիայի մատակարարումը: Թաղամասի բնակիչներին ՀԷՑ-ը կվճարի տույժ, որը «Էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման մասին» օրենքի համաձայն, կկազմի միջին ամսական ծախսած էլեկտրաէներգիայի 20 տոկոսը, բայց ոչ ավելի քան 2000 դրամը:
Ի դեպ, ՀԷՑ-ում նշում են, որ թաղամասի էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ կան. «Մենք շատ վատ ժառանգություն ենք ստացել, բաժանորդների բողոքների հիման վրա փորձում ենք ամեն տարի մի բան բարելավել»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան