Ասիական ֆիլմերում գերիշխում է մշակույթը. Կիմ Դո-Հո
«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել Հայաստանում արդեն չորրորդ անգամ: Այս անգամ որպես պրոդյուսեր»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կորեացի կինոգետ, պրոդյուսեր Կիմ Դո-Հոն, ով առաջին անգամ 2006 թվականին է մասնակցել փառատոնին՝ որպես ժյուրիի անդամ:
Կիմ Դո-Հոն «Ոսկե ծիրան» 12-րդ կինոփառատոնին ներկայացնում է իր ուսանողի «Ձմռան ավարտ» ֆիլմը, որն ընդգրկված է խաղարկային ֆիլմերի մրցույթում: Ֆիլմը պատմում է Չերուոնի տեխնիկական դպրոցի ուսուցիչ Սուն-գընի ընտանիքի մասին, որի անդամները երկրի տարբեր կողմերից հավաքվում են Չերուոնում՝ նշելու նրա թոշակի անցումը: Ընտանեկան հավաքույթի ժամանակ Սուն-գընը հայտնում է կնոջն ու զավակներին, որ մտադիր է բաժանվել և մնալ Չերուոնում: Սակայն ընտանիքում իրավիճակն ավելի է սրվում, երբ ձնաբքի պատճառով հարազատները ստիպված մնում են նրա տանը, որտեղ էլ բախվում միմյանց անհաճո ներկայությանն ու սկսում իրար չհասկանալ:
«Ֆիլմն անցած տարի մրցանակների է արժանացել Բուսանի և Բեռլինի կինոփառատոններում»,-նշեց կորեցի պրոդյուսերը:
Անդրադառնալով «Ոսկե ծիրան»-ին և Հայաստանին ասաց, դրսում լսելով այս փառատոնի մասին արդեն միանգամից հիշում են Հայաստանի բազմամյա պատմության մասին. «Այս փառատոնն իմ ամենասիրած փառատոնն է: Այն արդեն մեծ դեր և հեղինակություն ունի: Փառատոնի ապագան նույնպես խոստումնալից է, այն հավաքում է ճանաչված կինոգործիչների աշխարհի տարբեր ծայրերից»:
Նրա խոսքերով, հայ ասելիս պատկերացնում է բարեսիրտ, բարեկամ և ջերմ հոգով մարդու:
Ինչ վերաբերում է հոլիվուդյան և ասիական ֆիլմերի տարբերությանը Կիմ Դո-Հոն նշեց, որ Հոլիվուդում մեծ գումարներ են ներդնում ֆիլմ նկարահանելու համար, ֆիլմում ներկայացնում են մարդու թույլ և ուժեղ կողմերը, իսկ ասիական ֆիլմերում այդքան գումար չի ներդրվում, գերիշխում է մշակույթը, որը ցանկանում են ցույց տալ աշխարհին:
Կիմ Դո-Հոն նաև ավելացրեց, որ իր ուսանողներին խորհուրդ է տալիս աշխատելիս օգտագործել միայն իրենց ֆանտազիան և ապրածը:
Նախորդող հրապարակումներ`
Օռնելլա Մուտին Հայաստանի, Վարդավառի ու երջանկության մասին (լուսանկարներ)
Ռոբեր Գեդիգյան. Այս հիշողությունը կարող է անցնել տարիների միջով
«Ոսկե ծիրան» 12-րդ փառատոնը բացված է
Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին արժանացան «Փարաջանովյան թալեր» մրցանակին (լուսանկարներ)