Լորան Ֆաբիուս. Իրանի միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն կլինի
«Իրանի միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն կլինի»,-այդ մասին իրանական «Իրդիփլոմասի.իր» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին, անդրադառնալով Վիեննայում ընթացող բանակցություններին և միջուկային խնդրի շուրջ համաձայնություն ձեռք բերելու հավանականությանը, մասնավորապես նշել է. «Խոսք չեմ տալիս, որ այսօր կամ վաղը երեկոյան համաձայնություն ձեռք կբերենք, սակայն այս առումով հույս կա»:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չինացի իր գործընկերոջ հետ ունեցած առանձնազրույցից հետո հայտարարել է. «Բանակցությունների ժամկետը չպետք է երկարացնել, սակայն մինչև այն պահը, երբ կարողանանք, անհրաժեշտ լինի, մեր աշխատանքները կշարունակենք:
Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին այսօր Վիեննայում Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցությունների ավարտից հետո ելույթ կունեն ուղիղ եթերով և ուղերձով կդիմի Իրանի քաղաքացիներին: