«Ոչ թալանին» նախաձեռնություն. Չենք հրաժարվել փողոցից
«Ոչ թալանին» նախաձեռնությունը հուլիսի 14-ին հավաք-երթ է անցկացնելու դեպի գլխավոր դատախազություն՝ պահանջելով պատժել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին, նրանց հրաման տվողներին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Ռիմա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում բողոքող քաղաքացիների նկատմամբ ոստիկանությունը ջրցան մեքենաներ կիրառեց, բռնություն գործադրեց, երկու հարյուրից ավելի մարդիկ բերման ենթարկվեցին, որոնց թվում կային նաև լրագրողներ:
«Նախաձեռնող խմբում պառակտում չկա, մարդիկ կան, ովքեր ելել են նախաձեռնությունից անձնական պատճառներով՝ ժամանակի խնդիր ունեն: Հիմնական համակարգող խումբն աշխատում է միասին»,-տեղեկացրեց նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:
Նա հայտնեց, որ շարունակվելու են իրենց մարզային հանդիպումները:
Նախաձեռնության անդամ Արտուշ Չիբուխչյանը ևս ասաց, որ իրենց նախաձեռնության և մյուս նախաձեռնությունների, կուսակցությունների միջև պառակտում չկա, քանի որ բոլորն էլ իրենց դերն ու ներդրումն են ունեցել պայքարում. «Պետք է պայքարը շարունակվի միավորված»:
Ըստ նախաձեռնության ադամ Արթուր Քոչարյանի, պառակտումը ձեռնտու է միայն իշխանություններին, իսկ էլեկտրաէներգիայի թանկացման խնդրով մտահոգ ուժերը չեն կարող պառակտված գործել:
Մ. Սարգսյանի խոսքով, իրենք փողոցը չեն լքել. «Որևէ մեկին մենք կոչ չենք արել գնալ տուն՝ հայտարարելով, թե մեր պահանջները կատարվել են: Միշտ էլ հայտարարվել է, որ պայքարը շարունակվում է թե փողոցի մասով, թե ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու: Մենք Բաղրամյան պողոտայից հեռացանք այն պատճառով, որ խնդիր ունեինք հասկանալու, թե ինչ է իրենից ենթադրում աուդիտը»:
Նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ իրենք իրենց պայքարը որոշեցին շարունակելու այլ հարթակում. ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու հայտարարությունից հետո անմիջապես հանձնախումբ ենք ստեղծել՝ ներգրավելով մասնագետների՝ հասկանալու համար աուդիտի հետ կապված հարցեր, հստակեցնելու, թե ինչ է իրենից ենթադրում աուդիտը, նամակներ ենք հանձնել պատկան մարմիններին՝ կոնկրետ հարցերի վերաբերյալ հստակ պատասխաններ ստանալու համար, քանի որ ամեն ինչ բավականին լղոզված է:
Արտուշ Չիբուխչյան. «Եթե գործում ենք իրավական դաշտում, չի նշանակում, որ դուրս ենք եկել, հրաժարվել ենք փողոցից: Չկա նման բան: Մենք անընդհատ դուրս ենք գալու փողոց, քանի որ եթե չլինի փողոցային ճնշումը, հետագա քայլերն անիմաստ եմ համարում»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում