Ryanair-ը հույներին առաջարկում է ներքին չվերթների համար 7 եվրոյով տոմսեր գնել
Իռլանդական լոուքոսթեր Ryanair ավիաընկերությունը հույներին առաջարկում է տոմսեր գնել մոտ 7 եվրոյով՝ Հունաստանի ներքին չվերթների համար: Գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով ավիաընկերության տարածած մամուլի հաղորդագրությունը:
Հատուկ գները կգործեն հուլիսի 13-ից մինչև հուլիսի 26-ը Աթենք-Խանիա, Աթենք-Ռոդոս և Աթենք-Սալոնիկի ուղղությունների համար:
Հուլիսի 13-ից ընկերությունը նաև 30 տոկոսով նվազեցնում է Մեծ Բրիտանիայից Հունաստան չվերթների գները: Տոմսերի ցածր գները հաստատվում են մինչև հոկտեմբերի կեսեր:
Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ryanair-ը ցանկանում է պայմանավորվել Հունաստանի իշխանությունների հետ հույներին երկու շաբաթվա ընթացքում անվճար ավիատոմսեր տրամադրելու մասին երկրի ներսում մի շարք ուղղությունների համար: Ընկերությունը պատրաստվում է հրաժարվել վճարների գանձումից հուլիսի 13-ից: Այդկերպ լոուքոսթերը ցանկանում է օգնություն ցուցաբերել հույն ժողովրդին տնտեսական ճգնաժամի ժամանակ: