Մոր և մանկան մահացության դեպքերը Հայաստանում նվազել են
Երևանում մեկնարկեց «Մոր ու մանկան, դեռահասների առողջության պահպանման ազգային ծրագրերի ռազմավարության պլանավորում և արժեքների գնահատում» թեմայով համաժողովը, որին մասնակցում է աշխարհի 7 երկրից շուրջ 45 մասնակից:
Համաժողովի բացմանը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ողջունեց տարբեր երկրներից ժամանած մասնագետներին՝ ցանկանալով նրանց արգասաբեր աշխատանք:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն անդրադառնալով համաժողովի թեմային, ասաց, այն կապված է մի նոր ծրագրավորման գործիքի հետ, որը հնարավորություն է տալիս ծախսերի գնահատում իրականացնել, կանխատեսումներ անել, ռազմավարական գնահատականներ տալ այն առողջապահական ծրագրերին, որոնք այսօր գործում են:
«Սա մշակվել է Միացյալ Նահանգների փորձագետների կողմից, ընդունված է ԱՀԿ-ի կողմից և սկսել է տարածվել: Այս երեք օրերի ընթացքում մանրամասն ցուցադրվելու են այս ծրագրային ապահովման հնարավորությունները, դրա օգտագործման ուղիները և թե ինչպես է այն ներդնել»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը՝ հավելելով, որ ծրագիրն ուղղված է հիմնականում հանրային առողջապահական խնդիրների լուծմանը:
Ըստ նրա՝ մոր և մանկան առողջության խնդիրներն ամբողջ աշխարհում գերակա են համարվում, հետևաբար, այս գործիքի կիրառումն առաջնահերթ է այդտեղ լինելու:
Ս. Խաչատրյանը նշեց, որ մոր և մանկան առողջությանը վերաբերող հարցերում վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է բավականաչափ հաջողություններ, և դա արձանագրվել է նաև միջազգային կազմակերպությունների հաշվետվությունների մեջ: Մասնավորապես, վերջին հաշվետվության մեջ նկարագրված է մանկական մահացության և մայրական մահացության ցուցանիշի նվազեցումը:
«Անցյալ տարվա թիվը եղել է 9,8 պրոմիլե, այս տարի այդ ցուցանիշը դարձել է 8,8 պրոմիլե, բայց ես ուզում եմ ասել, որ այդ թիվը 7-8 տարի առաջ 20-ից բարձր է եղել: Այս թվերի իջեցումն, իհարկե, ծրագրերի շնորհիվ է տեղի ունեցել՝ նախևառաջ սկրինինգային ծրագրերի»,-ընդգծեց փոխնախարարը:
Նա հիշեցրեց մի քանի տարի առաջ սկիզբ առած 0-7 տարեկան երեխաների բացառապես անվճար օգնության ծրագիրը, որը կտրուկ բարելավվեց վիճակը, հիվանդանոցային ծառայությունների մատչելիությունը:
«Իհարկե, մենք կանգ առնել չենք կարող, քանի որ այս ցուցանիշները դեռ լավացնելու կարիք ունենք, մեր նշաձողը շատ բարձր է, մենք ձգտում ենք դեպի միջին եվրոպական ցուցանիշների, որի համար համապատասխան ծրագրերը շարունակվում են»,- ասաց Ս.Խաչատրյանը: