Ստրասբուրգում քննարկվել են Հայաստանի իրավական համակարգի արդյունավետ իրացման առանձնահատկությունները
«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» Եվրոպայի խորհրդի ծրագրի շրջանակներում հուլիսի 6-ից 8-ը տեղի է ունեցել պաշտոնական այց Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) և Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն):
Այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Բելգիայի կառավարության լիազոր ներկայացուցչի և նրա աշխատակազմի հետ: Քննարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ աշխատանքի կազմակերպմանը, կառավարության դիրքորոշման նախապատրաստմանն ու ներկայացմանն, ինչպես նաև վճիռների կատարմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այցին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի Պետաիրավական վարչության պետ Արտակ Ասատրյանը, դատավորներ, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության աշխատակիցներ:
Պատվիրակության անդամները հանդիպել են նաև Բելգիայի Թագավորության սահմանադրական դատարանի ներկայացուցիչների հետ:
Իսկ Ստրասբուրգում մասնակցել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի լսումներին: Հանդիպումներ են տեղի ունեցել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ստորաբաժանման ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են նշված կազմակերպությունների իրավական դիրքորոշումները Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի վերաբերյալ և դրանց արդյունավետ իրացման առանձնահատկությունները: Առանձին քննարկվել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքի հետ կապված հարցեր:
Եվրոպայի խորհրդի կազմակերպությունները բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ նման գործելաոճը կհանգեցնի մարդու իրավունքների ոլորտում նկատելի ձեռքբերումների:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում