Թուրք ռեժիսորը չի վախենում Ցեղասպանության մասին նկարահանած ֆիլմի համար ճնշումներից
«Ուրախ եմ այս փառատոնին մասնակցելու համար: Սա իմ առաջին ֆիլմն է: Առաջին անգամ ֆիլմի նախագիծը ներկայացրել ենք հայ-թուրքական կինոպլատֆորմին, շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել նախագծի իրագործման գործում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրք ռեժիսոր Հաջի Օրմանը:
Նրա «HOMO POLITICUS» կարճամետրաժ ֆիլմը ընդգրկված է «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ կինոփառատոնի արտամրցույթային «Մենք կանք» ծրագրում:
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ցեղասպանությունից երեք ամիս հետո: 20 րոպե տևողությամբ ֆիլմը պատմում է Յոհանես Լեփսիուսի` ազդեցիկ աստվածաբանի մասին, որը հանդես էր գալիս գերմանացի միսիոներների անունից: Օսմանյան կայսրությունում հայերի «արտաքսման» քաղաքականությանը վերջ տալու համար նա մեկնում է Ստամբուլ՝ ռազմական շտաբ, որտեղ կարող է հանդիպել Թուրքիայի ամենազորեղ գեներալի` Էնվեր Փաշայի հետ: Նրա նպատակն է դիվանագիտական և քաղաքական ճնշում գործադրել Էնվեր փաշայի նկատմամբ: Լեփսիուսի բերած բոլոր փաստարկները անտեսվում են Էնվերի քաղաքավարի և անտարբեր վերաբերմունքով: Հանդիպման կեսից մթնոլորտը փոխվում է փիլիսոփայական, ինտելեկտուալ բանակռվի, որը մերթ հիշեցնում է շախմատ, մերթ էլ բռնցքամարտ: Մինչ Էնվերը փորձում է հետզհետե Լեփսիուսի վզին «անպատշաճ առաջարկ» փաթաթել, վերջինս կարևոր որոշում է ընդունում և թողնում խոսակցությունը:
«Ցանկացա, որ մարդիկ իմանան այս իրողության մասին և նկարեցի ֆիլմը: Իմ հետագա գործունեության մեջ էլ անդրադառնալու եմ քաղաքական խնդիրներին: Ես բավականին երկար ժամանակ քաղաքական ընդդիմադիր գործունեություն եմ ծավալում, ճնշումներից չեմ վախենում»,-նշեց թուրք ռեժիսորը:
Նաև ասաց, որ Ստամբուլի կինոփառատոնի ժամանակ պետք է ցուցադրվեր այս ֆիլմը, բայց թուրք ռեժիսորները բոյկոտել են կինոնկարի ցուցադրումը, ֆիլմն առաջին անգամ ցուցադրվում է «Ոսկե ծիրանում»: