Կարին Հովհաննիսյանը Էգոյանի առաքելության և Թանկյանի հետ հանդիպման մասին
«1915» ֆիլմը հոգեբանական առեղծված է, մեր անցյալի, հիշողության մասին է, այն մասին, թե ինչպես են անցյալի ուրվականները մեզ հետապնդում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր ֆիլմի մասին այսպես արտահայտվեց ռեժիսոր, սցենարի հեղինակ, պրոդյուսեր Կարին Հովհաննիսյանը:
«1915» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում:
ԱՄՆ-ում արտադրած 82 րոպե տևողությամբ «1915» ֆիլմը ապրիլի 25-ին ներկայացվել է հայ հանդիսատեսին: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Սիմոն Աբգարյանը (կերպարը՝ Սիմոն), Սեմ Փեյջը (Ջեյմս) և Անժելա Սարաֆյանը (Անժելա): Հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը հայտնի է հատկապես «Մթնշաղ. Սագա. Լուսաբաց», «Պարանոյա», «Ներգաղթյալ» ֆիլմերից: Դերասան Սիմոն Աբգարյանն էլ ճանաչված է «Արարատ», «Կազինո Ռոյալ», «Սպին» կինոնկարներից:
Ֆիլմում Ցեղասպանությունից ուղիղ հարյուր տարի անց ոմն խորհրդավոր ռեժիսոր Լոս Անջելեսի թատրոնում մի ամբողջ դար մոռացված ու մերժված այդ ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված ներկայացում է բեմադրում: Բայց երբ բողոքավորները ներկայացումից առաջ շրջափակում են թատրոնը և մի շարք տարօրինակ քայլերով ահաբեկում դերասաններին ու պրոդյուսերին, պարզվում է, որ Սիմոնի առաքելությունն ավելի վտանգավոր է, քան կարելի էր կարծել, իսկ անցյալի ուրվականներն ամենուր են:
«1915»-ի համահեղինակ և պրոդյուսեր Ալեք Մուհիբյանն էլ ընդգծեց, որ իրենց համար կարևորն այն էր, որ ֆիլմը համախմբեր և պատմեր աշխարհին, թե ինչ է տեղի ունեցել 100 տարի առաջ:
Անդրադառնալով ԱՄՆ-ում ֆիլմի ցուցադրմանն ու արձագանքներին նա նշեց. «Կարինը լավ առիթ ունեցավ հանդիպելու սովորական մարդկանց, այդ թվում այլազգի, և տեսնելու, ծանոթանալու, թե ինչպես են նրանք արձագանքում այս ֆիլմին»:
Խոսելով ֆիլմի երաժշտության հեղինակ Սերժ Թանկյանի հետ համագործակցությունից՝ Կարին Հովհաննիսյանն ասաց, նրա հետ համագործակցությունը մի ամբողջ պատմություն ունի:
«Ֆիլմի սցենարի առաջին կարդացողներից մեկը հայազգի ռեժիսոր Ատոմ Էգոյանն էր: Նա մեզ ոգեշնչեց և անպայման խորհորդ տվեց այն նկարել: էգոյանն իր առաքելությունը միշտ շատ լուռ է անում, և հենց դա էլ Սերժ Թանկյանի հետ մեր հանդիպումն էր: Սերժը կարդաց ֆիլմի սցենարը, առաջարկեց ֆիլմի համար երաժշտություն գրել՝ առանց կադրերը տեսնելու: Մեզ մի քանի գործ ուղարկեց, որոնք էլ օգտագործվեցին ֆիլմում»,-պատմեց Կարին Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում