14 տարին մի ամբողջ հավերժություն է Հայաստանից հեռու բնակվող Սամվել Մարությանի համար (լուսանկարներ)
«Սամվել Մարությանը բնապաշտ լինելով, նաև իր ամբողջ զգամունքները կարողանում է արտահայտել: Այդպես էլ պետք է լիներ, քանի որ ամենամեծ հնարավորությունը բնապաշտ արվեստն է տալիս: Բնանկարում այնպիսի կիրք կա, որ անգամ կոմպոզիցիոն աշխատանքներում դժվար է տեսնել: Անգամ բնանկարի մեջ այնպիսի ակտիվության է հասել: … Մտնում ես իր արվեստի մեջ: Ինքը քեզ հրավիրում է իր արվեստ»,- մաեստրո Էդուարդ Իսաբեկյանն այսպես է նկարագրել Սամվել Մարությանի արվեստը:
Սամվել Մարությանն արդեն տասը տարուց ավելի է բնակվում է Կալիֆորնիայում (Փասադենա): Չնայած մայր հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվելով, արվեստագետը բացառվում է, որ կարող է երբևէ դադարել հայ արվեստի հետևորդը լինելուց: Նրա երազանքն է Հայաստանում ունենալ անհատական ցուցահանդես, սակայն …
-Պարոն Մարության, քանի՞ տարի է բնակվում եք Ամերիկայում:
-2001 թվականից մի ամբողջ հավերժություն ......
-Վերջին անգամ ե՞րբ եք անհատական ցուցահանդես ունեցել Հայաստանում:
-Երևանում, «Գոռ» պատկերասրահում, եթե հիշողությունս չի դավաճանում 1999 թվականին:
-Ամերիկայում որքա՞ն պարբերականությամբ եք ցուցահանդեսներ ունենում, որտե՞ղ:
-Հաճախ հնարավոր չէ ցուցահանդեսներ անել նամանավանդ այս երկրում: Ունեցել եմ մի քանի անհատական ցուցահանդեսներ, բայց հիմնականում խմբակային ցուցահանդեսներ են լինում մեր հայ նկարիչներով: Ամերիկացի մեր վրձնակից ընկերների հետ էլ ունեցել ենք բազմաթիվ ցուցահանդեսներ՝ Լոս Անջելեսում, Գլենդելում, Փասադենայում, Սան Դիեգոյում, Վաշինգտոնում, Նյու Յորքում և այլ քաղաքներում:
-Պարոն Մարության, ինչպե՞ս կներկայացնեք Ձեր արվեստը, ոճը:
-Բազմաժանր է իմ արվեստը՝ սկսած կոմպոզիցիաներից, դիմանկարներից, բնանկարներից, վեջացրած աբստրակցիայով, բայց բոլորի մեջ բնական է մի նկարելաոճ:
-Ի՞նչ եք նախընտրում նկարել: Հայ արվեստագետների դիմանկարների շարք ունեք, որոնք շատ տպավորիչ են և իրենց արտահայտչականությամբ, և գունային երանգներով: Կներկայացնենք այդ շարքն ավելի մանրամասն, և կոնկրետ գույների մասին՝ գերիշխում է սևը, սպիտակը:
-Նախընտրում եմ նկարել այն, ինչ այդ պահին ինձ հուզում է: Բացի Հայ արվեստագետների և մտավորականների դիմանկարներից, նաև իմ զավակներն են, հարազատներս ու ընկերներս, և դրանք տասնյակներով են, եթե ոչ հարյուրներով ու անպայման աշխատել եմ ամեն դիմանկարի մեջ առավելագույնս դնել բնորդի ներաշխարհը, հույզն ու ներվը, առանց որի անհնար է պատկերացնել լիարժեք գործ: Կոնկրետ գույն իմ ներկապնակում չի գերիշխում, բայց, ինչպես դուք էք նկատել, դրանք սևն ու սպիտակն են և անպայման կարմիրը, իր բոլոր նրբերանգներով:
-Հայաստանից հեռու գտնվելով՝ որքանո՞վ եք կտրվել հայկական արվեստի ավանդույթներից, եթե, իհարկե, կտրվել եք:
-Բացառվում է, թող դատի արվեստասերը, թե ինչքանով եմ կտրվել իմ ակունքներից: Անգամ Հայաստանում չծնված և Հային ու Հայաստանը չտեսած Հայ նկարիչն է Հայերեն նկարում, ուր մնաց մենք:
-Հայկական ժամանակակից արվեստի մասին ինչ կարծիքի ե՞ք: Ըստ Ձեզ, որքանո՞վ են Հայաստանում ստեղծված պայմանները բարենպաստ ստեղածագործելու համար:
-Բացառիկ է մեր արդի Հայ արվեստը սկսած անցյալ դարի սկզբներից միչ օրս (որը չեմ վախենում ու կասկածում բարձրաձայնել) համաշխարհային արվեստում և որ այն այս պահին և ընդհանրապես տեղ չի ունեցել և չունի արվեստի համաշխարհային հոսանքում: Իսկ ինչ մնում է այսօրվա Հայ նկարչի գործունեությանը Մայր Հայրենիքում, միայն մի բան կասեմ՝ փառք ու պատիվ նրանց, ովքեր այս տնտեսական կատաստրոֆիկ իրավիճակում կարողանում են արարել:
-Հայ արվեստագետներից ո՞ւմ հետ եք շփումների մեջ:
-Եթե խոսքը ԱՄՆ-ի մասին է, ապա, ցավոք սրտի կամ բախտի քմահաճույքով այստեղ են հայտնվել մեր Հայ արվեստագետների մի շոշափելի սերուցք, որոնք իրենց գործունեությամբ էլ ավելի են հզորացնում համայնքը և հայի տեսակը, և ուրախ եմ, որ ես էլ եմ նրանց մի մասնիկը և որ կարողանում ենք ժամանակ գտնել իրար հետ համախմբվելու:
-Պարոն Մարության, նախատեսել եք ե՞րբ կգաք Հայաստան՝ կամ մշտական բնակության, կամ ժամանակավոր:
-Ես տարին երկու անգամ ամենաքիչն այցելում եմ Հայաստանս, որտեղ իմ տունն է ու իմ զավակները, ինչպես Արթուր Մեսչյանը կասեր՝ «Բնակվում եմ ԱՄՆ-ում, ապրում Երևանում», իսկ մեր՝ հայերիս, վերջին հանգրվանը մեր հարազատ օջախն է: Ուղղակի կյանքն է միշտ մեզ թյուրիմացաբար գաղթականի ցուպը տվել ու տալիս, ցավոք սրտի: Ուղղակի հուսանք, որ գալու է մեր ազգի աստեղային ժամը:
-Չեք ուզում Հայաստանում անհատական ցուցահանդես ունենա՞լ:
-Պարտադիր, պահը վաղուց հասունացել է, բայց ժամանակի հարցում դեռ տատանման մեջ եմ. ազգիս վայրիվերումները տեսնելով՝ այս պահին աչքիս ոչինչ չի գալիս:
Նկարները՝ Samvel Marutyan Art ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան