Կան բոլոր մտավախությունները, որ հակամարտությունը կարող է ընդլայնվել. Ջեյմս Ուորլիք
Երկօրյա աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ведемость»
թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն առնչվող հարցերին:
«Մենք չեն փորձում նոր հարցեր և նոր մոտեցումներ հայտնագործել։ Մենք փորձում ենք շարունակել բանակցություններ վարելը՝ հիմնվելով նախկինում ձեռքբերված հաջողությունների վրա։ Դա վերաբերում է մի շարք կարևոր հարցերի։ Դրանց շարքում են՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած տարածքների հանձնումը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, փախստականների դրությունը, նրանց անվտանգության երաշխավորմանը: Սրանք այն հարցերն են, որոնք քննարկման սեղանին են բանակցային գործընթացի ողջ ընթացքում»,-նշել է Ուորլիքը և անդրադառնալով Մինսկի խմբի 22 ամյա դերակատարությանը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում`ափսոսանք է հայտնել, որ այս ամբողջ ընթացքում չի հաջողվել իսպառ դադարեցնել հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ընդհարումները, որոնք մտավախություն են առաջացնում հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարի հարցում:
Այդուհանդերձ Ուորլիքը նշել է, որ ինքը լավատես է, և Մոսկվան ու Վաշինգտոնը հավատում են կոնֆլիկտի կարգավորման բանակցային տարբերակին, և դա է պատճառը, որ նրանք շարունակում են աշխատանքները Մինսկի խմբի շրջանակներում:
«2015թ-ը շատ վտանգավոր տարի էր, քանի որ հրադադարի խախտման դեպքերի պատճառով մեծ թվով զինվորականներ ու քաղաքացիական անձինք զոհվեցին երկու կողմերից էլ: Մասնավորապես այս տարվա հունվար ամիսը դարձավ ամենավտանգավորը կոնֆլիկտի խախաղ կարգավորման վերջին 20 տարիների ընթացքում` զոհերի քանակությամբ: Այնպես, որ կան բոլոր հիմքերը մտավախություն ունենալու համար, որ այս հակամարտությունը կարող է ընդլայնվել: Ուստի ցանկացած բախում կարող է հանգեցնել հակամարտության էսկալացիային:
Հակամարտության վատ կողմն այն է, որ սա արյունահեղ կոնֆլիկտ է`պատրաստ ցանկացած պահի վերաճելու ռազմական բախման, իսկ դրական կողմը այն է, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան պատրաստ են բոլոր հնարավոր միջոցները գտնել հակամարտության խաղաղ կարգավորման համար, համագործակցել բոլոր կողմերի հետ և կոչ են անում կողմերին պահպանել հրադադարը:
Մենք հասկանում ենք, որ սեփական անվտանգության ապահովման անհրաժեշտությունից դրդված` և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կարող են սպառազինություն ձեռք բերել, սակայն մեր մտավախությունը նրանում է, որ դա հանգեցնում է զորքերի շփման գծում միլիտարիզացիայի:
Ընդ որում`խոսքը վերաբերում է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին: Այս դեպքում`խնդիրը ոչ միայն սպառազինությունների քանակն է, այլև դրանց արդիականացումը: Ինչպես ասել եմ, գոյություն ունի հաշվարկներում սխալվելու վտանգ, որով մենք զբաղվում ենք: Եթե նախկինում հրադադարի ռեժիմը խախտվում էր դիպուկահար հրացանների միջոցով, ապա այժմ մենք գիտենք, որ դա տեղի է ունենում ավելի խոշոր տրամաչափի զենքերով, ինչը մտահոգիչ է: Մենք չենք ցանկլանում, որպեսզի կողմերից որևէ մեկը ուժերի հարաբերակցության հարցում առավելության հիման վրա դիմի ռազմական գործողությունների: Այդ իսկ պատճառով մենք համարում ենք, որ Հայաստանը պետք է մասնակցի կարգավորման գործընթացին, որպեսզի ռազմական վտանգավոր իրադրության ավելի մեծ հատված լինի կառավարելի»,-նշել է Ուորլիքը:
Խոսելով ազատագրված շրջանների կարգավիճակի շուրջ պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշման մասին`ամերիկացի համանախագահը նշել է. «Գրավված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին՝ համապարփակ կարգավորման շրջանակներում։ Այստեղ կարևոր է չկենտրոնանալ կարգավորման մի տարրի կամ մի սկզբունքի վրա։ Տարածքները պետք է վերադարձվեն, բայց կան այլ գործոններ։ Այդ պատճառով էլ մենք միշտ խոսում ենք համապարփակ կարգավորան մասին. չի կարելի վերցնել միայն մեկ տեսակետ և պնդել, որ դա կարգավորման հիմքն է։ Մենք պետք է դիտարկենք խաղաղ կարգավորման հնարավորությունը իր ամբողջ ծավալով»,- ասել է դիվանագետը։
Ըստ Ուորլիքի`հարակից տարածքները վերադարձնելուց հետո Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը ապահովելու համար պետք է տարածաշրջան մուտք գործեն միջազգային խաղաղապահ ուժեր, որոնց ընտրությունը կկատարվի կողմերի փոխհամաձայնությամբ:
Խոսելով այն հարցի շուրջ, թե ինչպես կանդրադառնա ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը Մինսկի խմբի աշխատանքերի արդյունավետության վրա`ամերիկացի համանախագահը նշել է. «Թեև հարաբերությունները Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև վերջին շրջանում լարված են, սակայն դա չի կարող անդրադառնալ մեր գործի վրա: Սա այն հարցն է, որտեղ Վաշինգտոնի և Մոսկվայի մոտեցումները իսկապես համընկնում են»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին