Հայկական զինուժն առաջնագծում նոր, ժամանակակից տեխնոլոգիաներ է կիրառում. Տիգրան Աբրահամյան
Լեռնային Ղարաբաղի հետ շփնամ գոտում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը մի քանի գործոններով է պայմանավորում: Ադրբեջանը մարտավարական խնդիրների լուծման ճանապարհին, նրա դիտարկմամբ, որպես կանոն, տարվա ընթացքում, որոշ պարբերականությամբ կտրուկ ակտիվանում է:
«Այդ երկիրը ամեն գնով փորձում է ցույց տալ, որ հակամարտությունը սառեցված չէ և ցանկացած պահի լոկալ բախումները կարող են վերածվել առավել մասշտաբային գործողությունների: Ըստ էության, Ադրբեջանը շանտաժի է գնում»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աբրահամյանը` մեկնաբանելով հակառակորդի` վերջին շրջանում նկատվող ակտիվությունը:
Մյուս գործոնը, որով պայմանավորված է նրանց կողմից հրադադարի խախտումը, հայկական կողմում գյուղատնտեսական աշխատանքների ակտիվությունն է: Այս անգամ, սակայն Ադրբեջանը առժամանակ հետաձգեց հրադադարը խախտելը, քանի որ, ըստ քաղաքագետի, այդ երկրում օլիմպիական խաղեր էին անցկացվում: «Ադրբեջանը որպես կանոն ակտիվանում է գյուղատնտեսական ակտիվ աշխատանքների ժամանակաշրջանում, և այդ երկիրն այս ակտիվ շրջանը սկսեց հուլիսին, քանի որ մեկ ամիս առաջ իր երկրում միջազգային մարզական միջոցառումներ էր անցկացվում, և նա բնականաբար, իրեն առավել հանդուրժող էր պահում՝ փորձելով միջազգային հանրության ողջ ուշադրությունը սևեռել մարզական միջոցառման վրա», -նկատեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմը խախտելու ժամանակ օգտագործվող ռազմական տեխնիկային, Աբրահամյանը նկատեց, որ Ադրբեջանը վերջին շրջանում սկսել է կիրառել հրետանային միջոցներ, ինչը էապես մեծացնում է կորուստների ու ավերածությունների վտանգը: «Դրա նպատակը առաջնագծում առավելագույն վնասներ պատճառելն է: Կիրառվող զինատեսակների տրամաչափերը մեծանում են, որովհետև Ադրբեջանն իր նախկին մեթոդներով որևէ արդյունքի չէր հասնում և սկսել է առաջնագծում նոր զինատեսակներ օգտագործել», -հավելեց փորձագետը:
Հիշեցնենք` այսօր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հրաձգային զինատեսակներից բացի հուլիսի 14-ին հարավային ուղղությամբ կիրառել է նաև 60 մմ ականանետ:
Քաղաքագետը չի կարծում, թե սահմանին ադրբեջանական ակտիվության պատճառ կարող է լինել Ռուսաստանից զենք գնելու վերաբերյալ համաձայնագիրը, որը Հայաստանի խորհրդարանը վավերացրել էր հուլիսի 7-ին:
«Չի բացառվում, որ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե անհանգաստացած չէ ՌԴ-ի հետ Հայաստանի նոր գործարքով, սակայն սա ակտիվանալու առանցքային պատճառ չեմ համարում», -նկատեց նա:
Այս պարագայում հայկական կողմը, ըստ քաղաքագետի, պետք է ամրացնի առաջնային գիծը ու մտածի հակառակորդի առաջխաղացումը կանխելու մասին: «Կարծում եմ՝ հայկական կողմի համար Ադրբեջանի քայլերը սպասելի էին: Անհրաժեշտ է անընդհատ ամրացնել առաջնային գիծն ու այնտեղ տեղակայված ինժեներական կառույցները: Միայն անհամարժեք քայլերը կարող են արգելակել Ադրբեջանի դիվերսիոն կամ մեկ այլ տիպի առաջխաղացումները: Անհրաժեշտության դեպքում պետք է հակառակորդին կանխարգելիչ, նպատակային հարվածներ հասցնել», ասաց նա:
Նրա խոսքով, զինծառայողների անվտանգությունն ապահովելու ու առաջնագիծը հնարավորինս անառիկ պահելու համար հայկական զինուժն առաջնագծում «նոր, ժամանակակից տեխնոլոգիաներ է կիրառում, ինչը էականորեն կնվազեցնի կորուստները և հակառակորդի գործողություններն առավել կանխատեսելի կդարձնի»:
Հարակից հրապարակումներ`
ԼՂՀ ՊՆ. Հայկական կողմը երբեք հանդես չի գալիս հրադադարի պահպանման ռեժիմի խախտման նախահարձակի դերում
Հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. ԼՂՀ ՊՆ
Պաշտոնական Ստեփանակերտը Ուորլիքին` Ո՞նց եք պատկերացնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան