«Ապրեք երաժշտությամբ»… Համերգ՝ նվիրված Արամ Ղարաբեկյանի 60-ամյակին
Մաեստրո Արամ Ղարաբեկյանի 60-ամյակին նվիրված համերգ է կայանալու Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնումում: Հուլիսի 19-ին կայանալիք համերգը կրելու է «Ապրեք երաժշտությամբ» խորագիրը: Այս մասին տեղեկանում ենք միջոցառման ֆեյբուքյան էջից:
Մաեստրո Ղարաբեկյանին իրենց հարգանքի տուրքն են մատուցելու Սերգեյ Խաչատրյանը, Ֆեդերիկո Մոնդելչին, Մարիո Ստեֆանո Պիեդրոդարկին, Սուրեն Բագրատունին, Արմեն Բաբախանյանը, Սվետլանա Նավասարդյանը, Արսեն Տեր-Տաճատյանը, Տիգրան Համասյանը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան:
Համերգից ստացված ամբողջ հասույթը Ղարաբեկյան ընտանիքը կտրամադրի Շուշիում կառուցվող միակ համերգասրահի համար երաժշտական գործիքների ձեռքբերման ֆոնդին:
Ա. Ղարաբեկյանը ծնվել է 1955թ. Բոստոնում: Սովորել է Բոստոնի «New England» կոնսերվատորիայում, որից հետո ուսումը շարունակել է Գերմանիայի Մայնց քաղաքում: Դիրիժորական արվեստ է սովորել Ֆրանկո Ֆերարայի մոտ: 1979թ. Գերմանիայում եղել է հանրահայտ Ս.Չելիբիդակեի աշակերտը: Սովորել է նաև Ջ.Դրուգմանի և Լ.Բերնշտայնի մոտ: Եղել է Հայաստանի պետական Կամերային նվագախմբի ղեկավարն ու դիրիժորը: 1983թ. հիմնել է Բոստոնի «Սինֆոնովա» նվագախումբը, որը ղեկավարել է մինչ 1991թ.:
Աշխատել է Կիևի ռադիո և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի հետ և միասին թողարկել է «Ռոմեո և Ջուլիետ» սկավառակը, որից հետո Ուկրաինայի մշակույթի նախարարը դիրիժորին նշանակել է իր գլխավոր խորհրդական: Ղեկավարել է նաև Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը ու Օպերայի և բալետի թատրոնը: Աշխատել է նաև Զագրեբի սիմֆոնիկ նվագախմբի հետ` որպես հրավիրված դիրիժոր: Հետագայում ղեկավարել է մի շարք նվագախմբեր` Հայաստանի և Ֆրեզնոյի ֆիլհարմոնիկ, Շրեվեպորտի, Հանգչջոուի և Զեջիանգի սիմֆոնիկ:
1988թ. արժանացել է ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և խմբագիրների (ASCAP) մրցանակին, 1989թ.` Լյուսիեն Վուլսինի մրցանակին: Արժանացել է նաև Հարվարդի ասոցիացիայի երաժշտական մրցանակին, 2007թ.` ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը:
Արամ Ղարաբեկյանը մահացել է 2014 թվականի հունվարի 11-ին ԱՄՆ-ում :
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա