Տնտեսագետ. Իրանի սահմանափակումների վերացումն առաջինը կզգա Հայաստանի տուրիզմի ոլորտը
«Իրանի և միջազգային միջնորդների ջանքերի արդյունքում իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը միանշանակ կբերի դրական փոփոխությունների: Բայց թե որ ուղղությամբ կգնան այդ փոփոխությունները, այս պահին այդ մասին խոսելը բավականին բարդ է: Իրանը շրջափակման մեջ գտնվող երկիր էր և իր տնտեսությունը կարգավորում էր այդ պայմաններին համաձայն: Այս պայմաններում, երբ Իրանը հնարավորություն է ստանում ազատվել պատժամիջոցներից, դրական զարգացումներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Տնտեսագետը նկատում է, որ անկախ պետություններից պատերազմի դադարեցումը, սահմանափակումների վերացումը, բիզնեսն օգտվում է ընձեռված հնարավորություններից: Իրանի տնտեսության զարգացման պարագայում Հայաստանի տուրիզմի ոլորտն առաջինն է զգալու դրական փոփոխությունները:
Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ Իրանն ու վեցնյակի երկրները միջուկային ծրագրի շուրջ հաձայնության են եկել: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ձեռք բերված պայմանավորվածությունը կարևոր ձեռքբերում որակեց՝ հույս հայտնելով, որ դա հավելյալ խթան կհանդիսանա՝ Հայաստանի և բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար:
Տնտեսագետի խոսքով, յուրաքանչյուր շրջանակում համագործակցության մասին խոսելիս պետք է մի կարևոր հանգամանք հաշվի առնել՝ թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի տնտեսությունը. «Թե մենք ինչքանով ենք պատրաստ տարբեր միությունների ու երկրների հետ համագործակցելով զարգանալ: Խնդիրը պետք է այս տրամաբանության մեջ նայել: Մեր իշխանության ներկայացուցիչները միանգամից առանց հաշվարկի, առանց ստեղծված վիճակը հաշվի առնելու, ենթադրություններ են անում»:
Ստեղծված իրավիճակում իրանական կողմի հետ ի՞նչ համատեղ ծրագրեր կարող է իրականացնել Հայաստանը. «Տարիներ շարունակ այդ համատեղ ծրագրերը կան: Փաստաթղթի վրա ամենաբարձր մակարդակով ստորագրված է հիդրոկայանի կառուցումը: Ցավոք սրտի, այն մինչև հիմա իրականություն չի դարձել, առանց որևէ պատճառաբանությունների: Ամեն անգամ բարձր մակարդակներով հանդիպում են, հայտարարում են, թե եկող տարի կսկեն, մյուս տարի կսկսեն, շինարարությունը սկսել են, բայց որևէ արդյունք չկա»:
Խաչատրյանի խոսքով, այս պահին շատ կարևոր է, թե որքանով է Պարսկաստանը պատրաստ այդ ծրագրերում ներդրումներ կատարել. «Բոլոր ծրագրերում դոմինանտ դերը խաղում է Պարսկաստանը: Ինքն է ներդրումներ կատարողը»:
Panorama.am-ի զրուցակիցը կարծում է, որ էներգետիկ ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հարցում Հայաստանը պատրաստ չէ. «Ես նայում եմ օրերս կառավարության կողմից ներկայացրած միջնաժամկետ ծրագրերը, որևէ մտադրություն չեմ տեսնում, չեմ տեսնում, որ կա որևէ խնդիր դրված իրանական կողմի հետ լրացուցիչ ծրագրերի իրականացման համար»:
Պատժամիջոցների վերացումից հետո, թե ինչ տնտեսական քաղաքականություն կիրականացնի Հայաստանի հարևան երկիրը, տնտեսագետը դժվարանում է կարծիք հայտնել. «Ոչ ոք դեռ չի կարող նման կարծիք հայտնել, քանի որ Իրանը պաշտոնապես նոր տնտեսական քաղաքականության մասին որևէ հայտարարություն չի արել»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան