Եղեռնի մասին ֆիլմում ասելիքը պետք է ասվի ուղիղ, առանց ելևէջների. ռեժիսոր
«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ կինոփառատոնի «Մենք կանք» արտամրցույթային ծրագրում ընդգրկված «Տղաս, ու՞ր է Եփրատը ֆիլմը» նկարահանվել է համանուն պատմվածքի հիման վրա, որի հեղինակ Ռուբեն Փաշինյանն էլ ֆիլմի ռեժիսորն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասաց, որ սա իր ռեժիսորական աշխատանքն է:
«Ես մասնագիտությամբ ռեժիսոր չեմ: Ֆիլմը նկարահանել եմ որպես հայի, քաղաքացու խոսք: Շատ էի ցանկանում, որ այն ներկայացվեր հենց 2015 թվականին: Ֆիլմը պատմում է ԱՄՆ-ից Հայաստան այցելած հայ ծեր զբոսաշրջիկի մասին, որն ապարդյուն փորձում է իր ուղեկցորդից պարզել, թե որտեղ է Եփրատ գետը: Հարցը վերաճում է զրույցի, թե ինչ է հայրենիքը, որտեղ է Հայաստանը, և ինչ երաշխիքներ ունի հայ ընտանիքի ապագան: Տարիներ անց արդեն ոչ տարիքն առած ուղեկցորդի գլխում այն միտքն է փայլատակում, որ Հայաստանն իր կողքին է, և Եփրատն այլևս այնտեղ չէ»,-պատմեց հեղինակը:
Ֆիլմում նկարահանվել է դերասան Վիգեն Ստեփանյանը, ով ֆիլմը տարել է Բելգիա և ներկայացրել հայ համայնքին:
«Վիգենը Բելգիայից զանգեց ինձ և ասաց. «Մի բան ասեմ չես հավատա, արա, լավ ֆիլմ ենք նկարել, գիտես»»,-ասաց Ռուբեն Փաշինյանը և ավելացրեց, որ այժմ ֆիլմը ներկայացված է մի քանի փառատոններում, սական դեռ չի ցանկանում նշել որտեղ, քանի դեռ պատասխան չի ստացել:
Հանդիպմանը ներկա ռեժիսոր Վրեժ Պետրոսյանի «Ուրիշ հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը» ֆիլմը նույպես ընդգրկված է «Մենք կանք» արտամրցույթային ծրագրում և նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ռեժիսորը նշեց, որ Եղեռնի մասին նոր մոտեցմամբ ֆիլմ նկարահանելու գաղափարն առաջացավ, երբ կարդաց Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գիրքը:
«Ես կտրուկ դեմ եմ Եղեռնի մասին քաղցր-մաղցր, ինչ-որ գեղեցիկ կադրերով ֆիլմ նկարահանելուն: Եվ Եղեռնը, որը իմ մաշկի վրա զգացի Ոսկանյանի գիրքը կարդալիս և արխիվային նյութերին ծանոթանալիս, զգացի, որ ասելիքը պետք է ասվի ուղիղ հասցեատիրոջը և առանց որևէ ջայլամային ելևէջների ու երանգների, պետք է ասել դաժան ճշմարտությունը, այն, ինչ եղել է, բայց իհարկե կինեմատոգրաֆիկ լեզվով»,-ասաց նա:
Ֆիլմը պատմում է հայ ազգի մեծ բարեկամ դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի մասին: Մարիա Յակոբսենի օրագիրը լի է հայերի դեմ թուրքերի գործած ոճրի վկայություններով: 1982-ին նա Լիբանանում հիմնում է «Թռչնի բույնը» որբանոց-քոլեջը, որտեղ ապաստանել են Եղեռնը վերապրած բազմաթիվ երեխաներ: Ուշք չդարձնելով անմիջական շփման վտանգին՝ Յակոբսենը խնամում էր տիֆով և այլ հիվանդություններով վարակված հայ երեխաներին: Որբերը նրան անվանում էին «մայր Յակոբսեն»: 1950-ին Մարիա Յակոբսենն արժանացել է Դանիայի Թագավորության «Ոսկե մեդալ» և 1954-ին՝ Լիբանանի «Պատվո ոսկե մեդալ» մրցանակներին:
Նախորդող հրապարակումներ`
Եթե հանկարծ «Ոսկե ծիրանի» մատը փուշ մտնի, ողբերգություն կլինի. ֆրանսիահայ ռեժիսոր
Թուրք ռեժիսորը չի վախենում Ցեղասպանության մասին նկարահանած ֆիլմի համար ճնշումներից
«Ընտանեկան ալբոմ» վավերագրական ֆիլմը պատմում է 1937 թվականի մութ էջերի մասին
Կարին Հովհաննիսյանը Էգոյանի առաքելության և Թանկյանի հետ հանդիպման մասին
«Մոսկվիչ, իմ սեր»-ը սերնդի ողբերգության պատմություն է. Արամ Շահբազյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում