Ինձ համար շատ կարևոր էր հենց 2015-ին Հայաստանում լինելը. Նաստասյա Կինսկի (լուսանկարներ)
«Հայաստանի մասին հիշելու ու պատմելու շատ բան ունեմ»,-ասում է Նաստասյա Կինսկին:Գերմանացի կինոդերասանուհին «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրերից է: Դերասանուհին փառքի հասավ նկարահանվելով Ռոման Պոլանսկու, Վիմ Վենդերսի, Ֆրանսիս Ֆորդ Կոպոլայի և այլոց ֆիլմերում:
Գերմանացի դերասանուհին համաշխարհային ճանաչման է հասել 1978 թվականին` հանդես գալով Ալբերտո Լատուդայի իտալաիսպանական «Եղիր ինչպես կաս» ռոմանտիկ ֆիլմում:
Կինսկիի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է Վիմ Վենդերսի «Փարիզ, Տեխաս»-ը, որը Կաննի բազմաթիվ մրցանակների է արժանացել: Նույն տարում Կինսկին Ռոբերթ Միչումի հետ խաղացել է նաև Անդրեյ Կոնչալովսկու «Մարիայի սիրեկանները» ֆիլմում:
Դերասանուհին 90-ականների և վաղ 2000-ականների ևս շարունակել է հանդես գալ ֆիլմերում, սակայն վերջին տասնամյակում Կինսկին ավելի ընտրողաբար է վերաբերում իր դերերին: Նրա՝վերջին շրջանի հիշարժան ֆիլմերից են Դեյվիդ Լինչի «Ներքին կայսրություն» (2006) և Ռոտիմի Ռեյնվոթերի «Շաքար» (2013) կինոնկարները:
«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում տեղի կունենա Նաստասյա Կինսկիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:
Նաստասյա Կինսկին Հայաստան այցի մասին
«Ասելու շատ բան ունեմ իմ առաջին այցի մասին: Այստեղ տեսնելու ու սովորելու այնքան բան կա, ամեն ինչ այնքան գեղեցիկ է, որ ինձ թվում է արդեն ինչ-որ բաներ գիտեմ այստեղի մարդկանց մասին:
Գիտեմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին, և ինձ համար շատ կարևոր էր հենց 2015-ին Հայաստանում լինելը»,-պատմում է դերասանուհին՝ առանձնացնելով երկրի ղեկավարի, մշակույթի նախարարի հետ ունեցած հանդիպումները:
Արվեստի, կինոյում լինելու և հետագայի մասին
«12 տարեկանից կինոյում եմ: Այս ամբողջ ընթացքում հանդիպել եմ տարբեր մարդկանց, աշխատել տարբեր ռեժիսորների հետ, որոնք իմ կյանքի մի մասնիկն են դարձել: Ես, իհարկե, գտել եմ իմ ռեժիսորին ու էլ չեմ փնտրում»,- նշում է Կինսկին, սակայն չի բացահայտում, թե ով է նա:
«Արվեստը տիեզերական մի բան է, երջանիկ եմ, որ դրա մեջ եմ:
Դերասանական կարիերայում բոլորն էլ վերելքներ ու անկումներ են ունենում, ես մեծ հաջողություններ եմ ունեցել, եղել են բաներ, որոնք չեն ստացվել, դրանք էլ իմ կյանքի ճամփորդության մի մասն են: Երբ ինչ-որ հաջողության ես հասնում, պետք է նաև սովորել դրանից դուրս գալ: Հաջողությանը լավ բան է, բայց պարտվել իմանալ էլ է պետք»,-ասում է Կինսկին:
Նա պատմեց, որ պատրաստվում է վավերագրական ֆիլմ նկարել աշխարհում հերոս դարձած մարզիկների մասին, և եթե շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը ողջ լիներ, նա էլ կլիներ իր ֆիլմում:
«Դուք շատ լավ վավերագրող եք, ես ձեզնից սովորելու բան ունեմ»,-ասում է դերասանուհին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանին:
Իսկ միասին վավերագրական ֆիլմ նկարելու Խաչատրյանին առաջարկին Կինսկին դրական պատասխան է տալիս:
Կինոփառատոնի խորհրդանիշ ծիրանի մասին
Ինձ Հայաստանում դիմավորեցին ծիրանի զամբյուղով, ինձ շատ դուր եկավ այդ պահը: Շատ գեղեցիկ է, որ փառատոնի խորհրդանիշ հենց ծիրանն է ընտրված:
Հյուրանոցից «փախնելու» և Երևանով զբոսնելու մասին
«Երեկ գիշեր զբոսնել եմ Երևանով: Քաղաքը շատ հյուրընկալ է ու բաց, մարդկանց դեմքին ազատություն և ուրախություն կա: Սիրում եմ անծանոթ քաղաքներով մենակ զբոսնել»,-պատմում է կինոդերասանուհին և հավելում, որ հյուրանոցից «փախել է» Երևանում մենակ զբոսնելու համար:
«Խաղաություն ու սեր բոլորիս: Դա ամենակարևորն է»,-այսպես է ամփոփում այսօր լրագրողների հետ իր հանդիպումը կինոդերասանուհի Նաստասյա Կինսկին:
Նախորդող հրապարակումներ՝
Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին Երևանի կոնյակի գործարանում (լուսանկարներ)
Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին արժանացան «Փարաջանովյան թալեր» մրցանակին (լուսանկարներ)
«Ոսկե ծիրան» 12-րդ փառատոնը բացված է
Օռնելլա Մուտին Հայաստանի, Վարդավառի ու երջանկության մասին (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան