Երկար տարիների ընդմիջումից հետո ցուցադրվելու է Մինասի «Մենք այստեղ ապրում ենք. Ջաջուռ» կտավը
Հայ մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան տարեդարձին նվիրված հուլիսի 19-ին Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա.Աբրահամյանի հավաքածու) ցուցադրվելու է թանգարանի հավաքածուում պահվող Մինաս Ավետիսյանի «Մենք այստեղ ապրում ենք. Ջաջուռ» կտավը, որը նկարիչը ստեղծել է 1962 թվականին: Panorama.am-ին տեղեկացրեց թանգարանի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը:
«Այս կտավը երկար տարիներ չի ցուցադրվել: Մեկ շաբաթ է ցուցադրվելու»,- ասաց նա:
Ա. Տեր-Մինասյանի խոսքով, թանգարանի պահոցներում շատ կան հայ նկարիչների աշխատանքներ, սակայն քանի որ ռուսական արվեստի թանգարան է և տեղի խնդիր կա, մշտական ցուցադրություններում չկան:
Միջոցառման ընթացքում տեղի կունենա Գերմանիայում հրատարակված «Մինաս և Նարեկ Ավետիսյան. Մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» պատկերագրքի շնորհանդեսը:
Միջոցառման կազմակերպիչներն են Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա.Աբրահամյանի հավաքածու) և «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը:
«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը, համագործակցելով Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Մորիցբուրգ թանգարանի (Landesmuseum Sachsen-Anhalt) հետ, ներկայացրել է «Մինաս և Նարեկ Ավետիսյան. Մոդեռնը և Ավանգարդը Հայաստանում» խորագիրը կրող ինքնատիպ ցուցահանդեսը:
Այն կայացել է Գերմանիայի Հալլե քաղաքում՝ գործելով 2014թ. փետրվարի 21ից մայիսի 4ը: Այս ցուցահանդեսի շնորհիվ Գերմանիայում առաջին անգամ երկու սերունդների նկարիչների աշխատանքները հանդես եկան համատեղ:
Մինասի 19 (նաև Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուում գտնվող Մինաս Ավետիսյանի միակ «Մենք այստեղ ապրել ենք. Ջաջուռ» կտավը) և որդու՝ Նարեկի 9 ստեղծագործությունները ներկայացված էին յուրօրինակ հակադրության մեջ, որը ցուցահանդեսի կոնցեպցիայի առանցքն էր կազմում: Հակադրություն, որը նոր ուղի բացեց դեպի 20րդ դարի անվանի հայ նկարիչ Մինաս Ավետիսյանի աշխարհ և օգնեց ընկալել մեր արդի արվեստի վառ ներկայացուցիչներից մեկի՝ Նարեկ Ավետիսյանի ստեղծագործությունները:
2015թ.-ի հուլիսի 19ին Նարեկ Ավետիսյանը, Մինաս Ավետիսյանի կրտսեր որդին կխոսի վերոնշյալ համատեղ լայնածավալ ցուցահանդեսի մասին, ինչպես նաև «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը կներկայացնի Հալլեում կայացած ցուցահանդեսի շրջանակներում լույս ընծայված եռալեզու (գերմաներեն, հայերեն, անգլերեն) պատկերագրքը, ուր տեղ են գտել Մինասի կյանքն ու ստեղծագործական ուղին լուսաբանող տարբեր նյութեր ու բացառիկ լուսանկարներ: Պատկերագրքում ընդգրկված է նաև նկարչին նվիրված էսսե, որտեղ արվեստի պատմության գերմանացի պրոֆեսոր, պատվավոր դոկտոր Վիլհեմ Շլինկը բարձր է գնահատում Մինասի արվեստը՝ այն դիտարկելով միջմշակութային համատեքստում:
Գերմանացի արվեստաբան տիկին Մարի-Քրիստին Ֆրիտչը Նարեկ Ավետիսյանի հետ իր հարցազրույցում փորձել է բացահայտել հոր և որդու միջև գոյություն ունեցող կապը: Նա մեզ ուղեկցում է Նարեկ Ավետիսյանի ստեղծագործական կյանքի տարբեր փուլերով՝ կարևորելով նրա դերը ժամանակակից արվեստում: Մարի-Քրիստին Ֆրիտչն անդրադարձել է նկարչի «Ինտերֆրակտալ շարքին», որտեղ ի հայտ է գալիս արվեստագետի մաթեմատիկական մոտեցումը թեմային: Նա փորձում է մեկնաբանել այս յուրօրինակ միջդիսցիպլինար նախագծի ստեղծումը:
2009թ. Մինաս Ավետիսյանի ծննդյան 80-ամյակի առթիվ «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը լույս ընծայեց մեծանուն նկարչին նվիրված «Մինաս» պատկերագիրքը, որտեղ ընդգրկված են բացառապես մասնավոր հավաքածուներում գտնվող նրա ստեղծագործությունները:
Ներկա եռալեզու պատկերագիրքը, որը հրատարակվել է 2014թ-ին Գերմանիայի Հալլե քաղաքում «Մինաս և Նարեկ Ավետիսյան.Մոդեռնը և Ավանգարդը Հայաստանում» ցուցահանդեսին կապակցությամբ, շեշտադրում է Մինաս Ավետիսյանի ստեղծագործական ուղին, ըստ արժանավույնի նշանավորելով նկարչի 85-ամյա հոբելյանը:
Եվ քանի որ պատկերագիրքն անդրադառնում է նաև նկարչի ուշ ստեղծագործական շրջանի զարգացմանը, գիտակցաբար կերպով համալրում է այդպիսով նախորդ 2009թ.-ին հրատարակված պատկերագիրքը: Արվեստասեր հանդիսատեսը հնարավորություն կունենա հուլիսի 20ից 26ը Ռուսական արվեստի թանգարանում տեսնել Մինաս Ավետիսյանի վրձնին պատկանող «Մենք այստեղ ապրել ենք. Ջաջուռ» կտավը և ձեռք բերել «Մինաս և Նարեկ Ավետիսյան.Մոդեռնը և Ավանգարդը Հայաստանում» եռալեզու պատկերագիրքը:
Միևնույն ժամանակ հայ հանդիսատեսը Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Արամ Աբրահամյանի հավաքածու) հնարավորություն կունենա դիտել «Մինաս և Նարեկ Ավետիսյան.Մոդեռնը և Ավանգարդը Հայաստանում» ցուցահանդեսի բացմանև փակման արարողությունը պատկերող տեսանյութը:
Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թ. հուլիսի 20-ին Ջաջուռում: Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև՝ դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։ Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։ Անրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն և այլն: 1975 թ. եետրվարի 16-ին Մինասը Երևանում ենթարկվում է ավտովթարի։ Վախճանվում է մեկ շաբաթ անց՝ փետրվարի 23-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան