Եսայի մարգարեի հիշատակության օրն է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Եսայի մարգարեի հիշատակության օրը:
Qahana.am-ը գրում է, որ Եսայի մարգարեն Հին կտակարանի չորս «մեծ մարգարեներ»-ից առաջինն է: Ծնվել և գրեթե ողջ կյանքն անցկացրել է Երուսաղեմում, մարգարեացել է 8-րդ դարի կեսերին: Եսայի մարգարեն վեհությամբ և հեղինակությամբ գրված պատգամներ ունի՝ Աստծո, արդարության, մեղքի, կրոնի և զանազան հարցերի մասին:
Ճկուն միտք ունենալու շնորհիվ, նա Երուսաղեմի չորս թագավորների առաջնորդն է եղել, Աստծո կամքը հայտնելով բազմաթիվ ազգային հարցերի շուրջ: Անգերազանցելի ոճով ու ոգով գրված նրա գիրքը Հին և Նոր Կտակարանները կապող օղակն է: Սուրբ Եսային կոչվում է նաև Ավետարանիչ մարգարե, Մեսիայի, այսինքն` Քրիստոսի մասին ամենից շատ մարգարեանալու համար:
Նա ներկայանում է իբրև Տիրոջ Հոգուց ուղարկված ծառա. «Աղքատներին ավետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու»:
Հետագայում այս առաքելության մեջ պետք է Հիսուս տեսներ այն ծրագիրը, որն Ինքը եկավ իրականացնելու այս աշխարհում (Ղուկ. 4:16-21): Ըստ ավանդության, Եսայի մարգարեն նահատակվել է սղոցումով: