Պետդեպի ներկայացուցիչ. Լեռնային Ղարաբաղի հարցի ռազմական լուծում չկա
Վաշինգթոնի Բրուքինգս ինստիտուտում ունեցած ելույթի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը հայտարարել է, որ չկա և երբեք չի լինի Լենային Ղարաբաղի հարցի ռազմական լուծում: Փոխանցում է «Ամերիկայի Ձայն»-ը:
Աղբյուրի տեղեկացմամբ` Ռուբինը նշել է, Միացյալ Նահանգներն ուշադրությունը կենտրոնացրել է ղարաբաղյան հակամարտության արդար, խաղաղ, տևական և բոլոր կողմերի համար շահավետ կարգավորման վրա, և հենց այդ մոտեցումը պետք է գերակայի հաջողության հասնելու համար:
«Գույություն չունի ավելի լավ լուծում, բոլոր մյուսներն այնքան սարսափելի են, որ դրանք չարժե նույնիսկ դիտարկել»,-նշել է Էրիկ Ռուբինը:
Ինչպես հաղորդվում է, պետքարտուղարության աշխատակիցը ընդգծել է, որ ժամանակն է, որպեսզի կողմերը վերահաստատեն առաջընթացի հասնելու իրենց պատրաստակամությունն ու նվիրվածությունը. «Դա հեշտ չէ և այդ կարգավորմանը հասնելու համար երկու կողմն էլ պետք է ընտրություն կատարի, դա երկու կողմի համար էլ բարդ է և հենց այդ պատճառով կարգավորմանը դեռևս չենք հասել»:
Պետքարտուղարության աշխատակիցը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները մյուս համանախագահող երկրների հետ միասին, պատրաստ է տևական խաղաղության հաստատման համար անել հնարավոր ամեն ինչ:
Էրիկ Ռուբինը նաև կոչ է արել կողմերին զերծ մնալ բռնություններից. «Մեր կարծիքով, չափազանց կարևոր է, որպեսզի կողմերն ամեն կերպ զերծ մնան այս իրավիճակը սրելուց, այսպիսով, միջադեպերից խուսափելը վճռական հարց է»: