Ինսուլին լիզպրոն` ինսուլինի փոխարեն
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Հայաստանի Հանրապետության կարիքների համար ինսուլին լիզպրո 100մմ/մլ և ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100մմ/մլ դեղերի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» որոշման նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է շաքարային դիաբետով տառապող երեխաներին և երիտասարդներին անվճար ինսուլին ստանալու իրավունքի իրացումը պատշաճ մակարդակով ապահովելու անհրաժեշտությունից:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի փոխանցմամբ, Հայաստանում գրանցված է շուրջ 80 հազար շաքարային դիաբետ ունեցող հիվանդ, նրանցից 13 հազարը ինսուլին են ստանում: Ոլորտի պատասխանատուի խոսքով, պետական միջոցներով կառավարությունն ապահովել է ամենաբարձր որակի ինսուլինի հարյուր տոկոսանոց ծածկույթ: Ֆրանսիական հակադիաբետիկ հաբերը հուլիսի մեկից կառավաության որոշման համաձայն, տրամադրվում են հիվանդներին: Այժմ քննարկվում է մանկակական դիաբետի հարցը: Ի դեպ, շաքարային դիաբետով հիվանդ 450 երեխա է Հայաստանում գրանցված, 177 երիտասարդ էլ 17-21 տարեկան են : Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում ինսուլինի կարիք ունեցող դպրոցահասակ երեխաներին գրիչներ կբաժանվեն, որոնք նաև ներարկիչներ են: Ներարկումը հնարավոր կլինի կատարել վերնաշապիկի վրայից՝ առանց լրացուցիչ բարդությունների:
Նշենք, որ 2014 թ-ին Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է շաքարային դիաբետով հիվանդ երեխաների բժշկական օգնության և սպասարկման բարելավման ծրագիր և 2015-2020 թթ. գործողությունների ժամանակացույց:
Շաքարային դիաբետը երեխաների և երիտասարդների շրջանում առավել տարածված քրոնիկական մետաբոլիկ հիվանդություն է, որը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում ունի աճի միտում:
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2010թ. համեմատությամբ 2014թ. արձանագրվել է հիվանդության 37% աճ: Ներկայումս հանրապետությունում գրանցված շաքարային դիաբետ ունեցող երեխաների 31%-ը սոցիալապես անապահով ընտանիքից են, 5%-ը միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ, իսկ 3%-ը կազմում են նրանք, ում ընտանիքում շաքարային դիաբետ ունեցող երեխաները մեկից ավելի են:
Ներկայումս պետությունը նրանց ապահովում է կարճատև ազդեցության ինսուլին սրվակներով, ինչը բուժական արդյունավետություն չունի, քանի որ երեխաների և երիտասարդների 68%-ը տարին նվազագույնը մեկ անգամ ունենում են խորը հիպոգլիկեմիաներ և հոսպիտալացվում են: Մինչդեռ ինսուլին լիզպրո քարտրիջների օգտագործումը հնարավորություն է տալիս կանխարգելել խորը հիպոգլիկեմիաների առաջացումը, որի շնորհիվ պետությունը այս ծրագրի իրականացման դեպքում կարող է արձանագրել էական տնտեսումներ:
«Ի տարբերություն ներկայումս օգտագործվող կարճատև ազդեցության ինսուլինի, որը ներարկվում է ուտելուց 30-45 րոպե առաջ, ինսուլին լիզպրոն կարելի է ներարկել ինչպես ուտելուց առաջ, այնպես էլ ուտելուց անմիջապես հետո՝ ընդունած սննդին համապատասխան: Վերջինս հնարավորություն է տալիս ունենալ ավելի ճկուն սննդակարգ և օրվա ռեժիմ, ազատ լինել, քարտրիջներով ինսուլինը պահել պայուսակի մեջ կամ գրպանում, և ցանկացած վայրում՝ ուտելուն համապատասխան կատարել անհրաժեշտ ներարկումներ»,- նշված է նախագծում:
Միաժամանակ որոշմամբ նախատեսվում է մարդասիրական օգնության հիմունքներով ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրվող բժշկական նշանակության ապրանքներ` գրիչ ներարկիչ, ասեղներ, գլիկոլիզացված հեմոգլոբինի սարքեր և նրա թեստերը, ինչպես նաև հանրային իրազեկման ծառայությունների մատուցում:
Խնդրի կարգավորման նպատակն է պետական բյուջեից հատկացվող միջոցների շրջանակներում 2015-2019 թվականներին անխափան ապահովել շաքարային դիաբետով տառապող երեխաների և երիտասարդների հակադիաբետիկ դեղի պահանջարկը 100%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում