Թուրք մտավորականը Դեմոյանի կողմից պարգևատրվեց Ավրորա Մարդիգանյանի հուշամեդալով (լուսանկարներ)
«Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում փառատոնի կազմակերպիչները, հյուրերը երեկ այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ, որտեղ թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը Ավրորա Մարդիգանյանի հուշամեդալով պարգևատրեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, կինոռեժիսոր Ռոբ Նիլսոնին, բարերարներ՝ Պավել Մարգարյանին և Խաչիկ Մանուկյանին, թուրք մտավորական, գործարար Օսման Կավալային:
«Թանգարանը թողարկում է «Երախտագիտություն» խորագրով ոսկե մեդալների շարք, որոնք նվիրված են տարբեր երախտավորների: Սա հուշանվերմեդալ է, որը թանգարանի կողմից մենք հանձնում ենք մեր այցելուներին, աջակիցներին և բարեկամներին: Իսկ այս մեկն Ավրորա Մարդիգանյանի անվան հուշամեդալ է կոչվում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Դեմոյանը:
Հարություն Խաչատրյանի խոսքերով էլ, նման մրցանակները հանձնվում են այն մարդկանց, որոնք օգնել են կազմակերպել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Այլևս երբեք» ծրագիրը, որի շրջանակում տարբեր երկրներում ներկայացվել են ցեղասպանության մասին ֆիլմեր:
«Մարդիկ ֆինանսապես և բարոյապես օգնել են ծրագիրն իրագործելու համար: Ցեղասպանության մասին ֆիլմերը շատ ավելի հասկանալի են, քան խոսքը: Այս տարի մենք աշխարհի տասնյակ երկրներում ցուցադրեցինք ֆիլմեր, մարդիկ հասկացան, թե ինչ ցավ ունի հայ ժողովուրդը»,-ընդգծեց փառատոնի հիմնադիրը:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի արտամրցույթային «Այլևս երբեք» ծրագիրը նվիրված է Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին և կինոփառատոնի շրջանակներում կազմակերպել է թեմատիկ կինացուցադրություններ աշխարհի տարբեր երկրներում:
Լուսանկարների ամբողջական շարքն՝ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան