Դեսպան. Ճապոնիայի կառավարությունը պատրաստ է ամրապնդել համագործակցությունը սոցպաշտպանության ոլորտում
Ճապոնիայի կառավարությունը պատրաստ է ամրապնդել համագործակցությունը սոցիալական պաշտպանության ոլորտում: Այս մասին հայտնել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ հանդիպման ժամանակ:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից մանրամասնում են, որ նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-ճապոնական համագործակցությունը սոցիալական ոլորտում նոր հեռանկարների և նոր ծրագրերի հիմք կհանդիսանան:
Այնուհետև, Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում ընթացող բարեփոխումները, մասնավորապես՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը, սոցիալական աշխատողի ինստիտուտը, որտեղ կարևորել է սոցիալական աշխատողի դերը, նրա կողմից ընտանիքի կարիքների գնահատումը և, ըստ այդ կարիքների, համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրումը:
Նախարարը անդրադարձել է նաև Հայաստանում զբաղվածության ոլորտում իրականացվող քաղաքականությանը, ոլորտի ակտիվ ծրագրերին:
Դեսպան Տագուչին իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին սոցիալական ոլորտի բարեփոխումները ներկայացնելու համար:
Հանդիպման ավարտին նախարար Արտեմ Ասատրյանը հաջողություններ և արդյունավետ աշխատանք է մաղթել դեսպանին դիվանագիտական գործունեության մեջ:
Դեսպանի հետ այսօր հանդիպել է նաև քաղաքաշինության նախարարը: Ներկայացնելով ՀՀ քաղաքաշինության նախարարության ծրագրային առաջնահերթությունները, նախարար Նարեկ Սարգսյանն անդրադարձել է Հայաստան-Ճապոնիա համագործակցության հնարավորություններին՝ այդ համատեքստում հատկապես առանձնացնելով երկու երկրների համար կարևորություն ներկայացնող՝ սեյսմակայուն շինարարության ոլորտը, ուր Ճապոնիան նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ լուրջ հաջողությունների է հասել:
«Ես Հայաստան-Ճապոնիա գործակցության շատ կոնկրետ դաշտ եմ տեսնում, մասնավորաբար, Հայաստանը հարուստ է ոչ մետաղական հանքանյութերով, բնական քարերի բազմապիսի բազմապիսի տեսակներով, հատկապես` շինարարության արտադրանքի համար ջերմամեկուսիչ նյութերով, և ճապոնական տեխնոլոգիաների կիրառմամբ երկուստեք փոխշահավետ ծրագրեր կարելի է իրականացնել»,- ասել է Ն. Սարգսյանը:
Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, քաղաքաշինության բնագավառում գործնական համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ առաջարկելով երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող ծրագրային փաթեթ պատրաստել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում