
Նաիրիտցիները պահանջում են ամբողջ պարտքը միանգամից
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր կրկին հավաքվել էին Կառավարության շենքի առջև և պահանջում էին իրենց աշխատավարձերը։
«Մենք պահանջում ենք մեր աշխատավարձի ողջ պարտքը վճարել միանգամից»,- լրագրողների հետ զրույցում ասաց նաիրիտցիների բողոքի ակցիան համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:
Նրա խոսքերով՝ իրենց խոստացել էին, որ մինչև հուլիսի 15-ն աշխատավարձերը կտրամադրեն, սակայն հիմա էլ ասում են, թե որոշ մարդկանց աշխատավարձի հաշվարկման հետ կապված խնդիրներ կան:
«Հիմա մենք ասում ենք, որ չենք ցանկանում գումարը մաս-մաս ստանալ, քանի որ մտավախություն ունենք, փուլ առ փուլ վճարումից հետո գումարը կսպառվի և մի մասը նորից առանց գումար կմնա»,- ասաց նա:
Հայտարարված անժամկետ նստացույցի մասին էլ Ա.Հարությունյանն ասաց, որ հավանաբար, նստացույց կլինի, և եթե պետք լինի մինչև ամսվա վերջ այդպես կսպասեն: