«Արցախում ոչ մի թիզ օկուպացված հող չկա». բողոքի ակցիա ԵԱՀԿ Երևանի գրասենյակի դիմաց
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը վաղը կազմակերպում է բողոքի ակցիա ԵԱՀԿ Երևանի գրասենյակի դիմաց: Երիտասարդներն իրենց բողոքն են արտահայտելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության վերաբերյալ: Նրանք նամակ են հանձնելու գրասենյակ:
«Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության վարչության անդամ Ռոման Ծատինյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախագահ Ջեյմս Ուորլիքը հերթական անգամ հանդես է եկել Արցախի հիմնախնդրի լուծման կողմնակալ, ոչ կշռադատված, միակողմանի հայտարարությամբ:
«Արցախում ոչ մի թիզ օկուպացված հող չկա, Ադրբեջանն է օկուպացրել հայկական Շահումյանի, Գետաշենի, Մարտունաշենի, Արծվաշենի շրջանները»,- նշեց նա:
Ռ. Ծատինյանը ներկայացրեց «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության անդամների կարծիքը, որը նրանք նամակի տեսքով վաղը փոխանցելու են ԵԱՀԿ երևանյան գրասենյակ. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ըստ պատշաճ չեն արձագանքում այն ժամանակ, երբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ամեն օր խախտվում է հրադադարի ռեժիմը, որի հետևանքով զոհվում են զինվորականներ, խաղաղ բնակչություն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը որևէ դատապարտող հայտարարությամբ հանդես չեկավ, երբ Արցախի պետական տարածքում ադրբեջանցի դիվերսանտները գազանաբար սպանեցին 17-ամյա Սմբատ Ցականյանին, զինված ուժերի սպային ու ծանր վիրավորեցին անզեն կնոջը: Ուորլիքը չդատապարտեց այն փաստը, երբ Ադրբեջանում սպանվեց խաղաղ բնակիչ, պատահաբար այդ երկրի տարածքում հայտնված Կարեն Պետրոսյանը:
Ուորլիքն ու ԵԱՀԿ Մինսկի խումբն ընդհանրապես համարժեք գնահատական չտվեցին Ադրբեջանի կողմից Արցախի զինված ուժերի ուղղաթիռը խոցելու դեպքին, որը զինադադարի կոպտագույն խախտում է»: