«Խոսում ենք երևույթի մասին, որ գոյություն չունի Հայաստանում». Արդարադատության միջազգային օրն է
«Օրինականությունը գալիս է մեզանից, եթե մենք չլինենք օրինապաշտ, ոչ մի նախարարություն չի կարող մեզ ստիպել լինել օրինապաշտ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Նշենք, որ ասուլիսի թեման էր «Արդարադատություն՝ հայկական ոճով»։
Ըստ նրա, պետք է ամեն մարդ սկսի իրենից. «Քաղաքացիական իրավունք՝ մեզ մոտ չկա: Երեխան դպրոցից պետք է իմանա ինչ բան է քաղաքացի լինելը, ինչ իրավունքներ, պարտավորություններ ունի»:
Հոգեբան Աննա Բադալյանի դիտարկմամբ, արդարադատություն պետք է յուրաքանչյուրն իր մեջ փնտրի, մեծապես կապված է անհատի դաստիարակությունից, ներքին կուլտուրայից:
Ասուլիսին ներկա «Զարթոնք» գաղափարական - քաղաքական ակումբի անդամ Արամ Գրիգորյանը արդարադատությունը դիտարկեց երկու տեսանկյունից՝ բարոյականություն և օրենք. «Մեր երկրում կան օրենքներ, որոնք սակայն չեն կիրառվում, քանի որ կա որոշակի արժեքային համակարգի պակաս: Որևէ օրենք չի կարելի կիրառել, եթե չկան բարոյական նորմեր»:
Ա. Գրիգորյանի խոսքով, քաղաքականությունն ազդում է արդարադատության վրա:
«Պետության կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանն ասաց. «Խոսում ենք մի երևույթի մասին, որ գոյություն չունի Հայաստանում: Անհասկանալի է, թե ինչով է զբաղվում արդարադատության նախարարությունը: Իհարկե, մեզանից շատ բան է կախված, ես իմ հարցով հասա Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ապացուցեցի, որ չկա մեզ մոտ արդարադատություն: Բայց շատերը չեն գնում այդ քայլին»:
Հուլիսի 17-ին նշվում է Արդարադատության միջազգային օրը: Տոնի համար հիմք է ծառայել 1998թ.-ի հուլիսի 17-ին ՄԱԿ-ի 120 երկրների ընդունած Հռոմի ստատուտը: Վերջինն ուժի մեջ է մտել 2002թ.-ի հուլիսի 1-ին, երբ փաստաթուղթը վավերացվել է 60 պետությունների կողմից: Հռոմի ստատուտի կապակցությամբ 2010թ.-ի հունիսի 1-ին Ուգանդայում անցկացված գագաթաժողովում որոշվել է հուլիսի 17-ը նշել որպես Քրեական արդարադատության միջազգային օր: Այնուհետև փոխվեց օրվա անվանումը: Այժմ այդ օրն աշխարհում նշվում է որպես Արդարադատության միջազգային օր: Այդ օրը թեև ներառված չէ Հայաստանի պաշտոնական տոնացույցում և հատուկ չի նշվում, սակայն «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում 2009թ. հունիսի 10-ին կատարվել է լրացում, ըստ որի` Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաև միջազգային օրեր: