Կորեացի պատգամավոր. Կորեան և Հայաստանը բախտակիցներ են
Աժ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ընդունել է Կորեայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ Նո Յուն Մինի գլխավորությամբ:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Գալուստ Սահակյանը կարևորել է հայ-կորեական հարաբերությունների զարգացումը՝ շեշտելով հատկապես երկու երկրների խորհրդարանական կապերի խորացումը: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը 2011 թվականին ԱԺ լիագումար նիստերի դահլիճի տեխնիկական վերազինմանն աջակցելու համար:
Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Կորեայի հավասարակշիռ մոտեցումը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ: ԱԺ նախագահը նշել է, որ տեղյակ է Կորեայի Հանրապետության խորհրդարանի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Նո Յուն Մինի ծավալած հայանպաստ գործունեությանը:
Գալուստ Սահակյանը խոսել է նաև Ազգային ժողովի կողմից կյանքի կոչված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» նախաձեռնության մասին, որով կոչ է արվում աշխարհի խորհրդարաններին՝ դատապարտելու ցեղասպանություններն ամբողջ աշխարհում:
Նո Յուն Մինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ մինչ խորհրդարան այցելելը իր գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծանոթացել թանգարան-ինստիտուտում տեղ գտած նմուշներին և մեծ ցավ ապրել՝ հայ ժողովրդի ողբերգության վկայությունները տեսնելով: Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ Կորեան և Հայաստանը բախտակիցներ են այդ առումով:
Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն Ազգային ժողովի նախագահին է նվիրել իր հեղինակած «Ժամանակակից ողբերգություններ» գիրքը, որի առաջին գլուխը նվիրված է Հայոց ցեղասպանությանը:
Հանդիպման ավարտին Գալուստ Սահակյանը հայ-կորեական բարեկամական կապերի ամրապնդման համար Նո Յուն Մինին պարգևատրել է Ազգային ժողովի պատվո մեդալով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան