Ջոն Բեյներ. ԱՄՆ Կոնգրեսի մեծամասնությունը դեմ է Իրանի հետ ձեռք բերված միջուկային համաձայնությանը
«ԱՄՆ Կոնգրեսի մեծամասնությունը դեմ է Իրանի հետ ձեռք բերված միջուկային համաձայնությանը»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բեյները:
Իրանական աղբյուրը, հղում անելով ամերիկյան «Fox News» հեռուստաալիքին, նշում է, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հանրապետական ղեկավարը, անդրադառնալով Վիեննայում Իրանի և «5+1 խմբի» միջև ձեռք բերված միջուկային համաձայնությանը, մասնավորապես նշել է. «Միանգամայն պարզ է, որ ինչպես Ներկայացուցիչների պալատի, այնպես էլ Սենատի մեծամասնությունը դեմ են նախագահ Օբամայի վարչակարգի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությանը:
Ջոն Բեյներն ասել է, որ մի փոքր պետք է համբերել, որպեսզի պարզվի թե համաձայնությանը դեմ արտահայտվող կոնգրեսականների թիվը որքան է:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Վիեննայում Իրանի և «5+1 խմբի» միջև շուրջ 19 օր տևած լարված բանակցությունները վերջապես դրական ավարտ ունեցան: Բանակցությունների ավարտին Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ու ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հանդես եկան համատեղ հայտարարությամբ, իսկ այնուհետև ուղիղ եթերով ելույթներ ունեցան Իրանի և Միացյալ Նահանգների նախագահները:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
«Միջուկային համաձայնության» վերաբերյալ Իրանի ու ԱՄՆ-ի տեսակետները հակասում են միմյանց