Սբ. Թադեոս առաքյալի և Սբ. Սանդուխտ կույսի հիշատակության օրն է
Հայ առաքելական եկեղեցին նշում է Սբ. Թադեոս առաքյալի և Սբ. Սանդուխտ կույսի հիշատակության օրը: Qahana.am կայքը գրում է, որ Սբ. Թադեոս առաքյալը և Սբ. Սանդուխտ կույսը Հայ Եկեղեցու ամենանշանավոր տոնելի սրբերից են, քանի որ նրանց անվան հետ է առնչվում հայոց լուսավորության պատմությունը:
Քրիստոսի Համբարձումից հետո` համաձայն Տիրոջ պատգամի. «Գնացե՜ք, ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28: 19): Թադեոսը նախ գալիս է Եդեսիա, ավետարանում կենաց խոսքը, ի թիվս բազում հրաշքների, բժշկում նաև Աբգար թագավորին, ապա՝ իրեն փոխարինող նշանակելով Եդեսիայում, գնում է Հայոց Սանատրուկ արքայի տիրույթները: Այստեղ զանազան վայրեր քարոզելուց հետո բազմաթիվ հեթանոսների է քրիստոնեական հավատի բերում և հիմնադրում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Գալով Արտազ գավառ, առաքյալը մտնում է հայոց արքունիք և դարձի բերում արքայադուստր Սանդուխտ կույսին:
Իրազեկ դառնալով այս ամենին, Սանատրուկ հայոց արքան սկզբում հորդորում է դստերը ետ դառնալ նախկին հավատին, սակայն ապարդյուն: Զայրացած արքան թե Թադեոս առաքյալին, թե Սանդուխտ կույսին նետում է բանտ և դաժան տանջանքների ենթարկում: Արքունի իշխանազուն կառավարչի միջոցով արքայադստերը տարհամոզելու վերջին փորձը ևս ապարդյուն է անցնում: Քրիստոնյա է դառնում նաևկառավարիչը: Ի վերջո, արքայի հրամանով Թադեոս առաքյալը և Սանդուխտ կույսը նահատակվում են արքայական ամառանոց Շավարշավան գյուղաքաղաքում:
Հայ եկեղեցին Սբ. Թադեոս առաքյալի հիշատակը տարվա մեջ ոգեկոչում է երկու անգամ, նախ՝ Ս. Բարդուղիմեոս առաքյալի, ապա` Սբ. Սանդուխտ կույսի հետ: