«Տոնում ենք իրական արտիստի հարատև ներկայությունը». Արամ Ղարաբեկյանին հիշում են ընկերները
«Բարձր որակի երաժշտություն, կատարում, սեր դեպի երաժշտությունը, միմյանց և համախմբում: Ահա այս որակներն է Արամ Ղարաբեկյանը դրել յուրաքանչյուր նախաձեռնության հիմքում: Մենք էլ որոշեցինք կազմակերպել այնպիսի համերգ, որի հիմքում հենց այս որակները կլինեն: Աշխարհի տարբեր ծայրերից երաժիշտներ են եկել Երևան՝ մեկ համերգի շրջանակում իրենց հարգանքի տուրքը մատուցելու մաեստրո Արամ Ղարաբեկյանին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համերգի գեղարվեստական ղեկավար, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը:
Նշենք, որ հուլիսի 19-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալու է մաեստրո Արամ Ղարաբեկյանի 60-ամյակին նվիրված համերգ՝ «Ապրեք երաժշտությամբ» խորագիրը: Համերգի նախաձեռնողն է Ղարաբեկյան ընտանիքը: Մաեստրո Ղարաբեկյանին իրենց հարգանքի տուրքն են մատուցելու Սերգեյ Խաչատրյանը, Ֆեդերիկո Մոնդելչին, Մարիո Ստեֆանո Պիեդրոդարկին, Սուրեն Բագրատունին, Արմեն Բաբախանյանը, Սվետլանա Նավասարդյանը, Արսեն Տեր-Տաճատյանը, Տիգրան Համասյանը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան: Համերգից ստացված ամբողջ հասույթը Ղարաբեկյան ընտանիքը կտրամադրի Շուշիում կառուցվող միակ համերգասրահի համար երաժշտական գործիքների ձեռքբերման ֆոնդին:
Տ. Հեքեքյանի խոսքով, համերգի առաջին բաժնում ելույթ է ունենալու ութ մենակատար, իսկ երկրորդ բաժնում նրանք հանդես կգան անսամբլների հետ համատեղ:
Թավջութակահար Սուրեն Բագրատունին ասաց, որ երկար տարիներ ճանաչել է Արամ Ղարաբեկյանին. «Հուզիչ է ինձ համար այստեղ գտնվելը: Միասին շատ ենք նվագել, համագործակցել, լավ ընկերներ էինք: Մենք տոնում ենք իրական երաժշտի և արտիստի արվեստի հարատև ներկայությունը մեր կյանքում»:
Դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանն ասաց. «Մեզ համար տոն է հավաքվել մի մարդու անվան շուրջ, ով միանշանակ մեր հայ դիրիժորական դպրոցի մեծագույն անուններից է»:
Նրա գնահատմամբ, Արամ Ղարաբեկյանը մեծ անհատականություն էր, փայլուն երաժիշտ:
Դաշնակահարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Սվետլաննա Նավասարդյանի խոսքով, Արամ Ղարաբեկյանն իր անզուգական տաղանդն անմնացորդ ծառայեցրեց իր ժողովրդին, իր մշակույթին:
«Մեզ համար ծանր օրերին նրա Հայաստան տեղափոխվելը մեծ նվեր էր մեր մշակույթի համար: Նա Հայաստան բերեց արտիստական կերպար, գեղեցիկ պահվածքի կուլտուրա, համերգներ կազմակերպելու բարձրաճաշակ ոճ»,- նշեց նա:
Դաշնակահարուհին առանձնացրեց Ա. Ղարաբեկյանի արժանապատվության զգացումը. «Շատ բան ունենք սովորելու: Սա մեր փոքրիկ հատուցումն է իր ծննդյան 60-ամյակին նվիրված»:
Ջութակահար Սերգեյ Խաչատրյանն ասաց. «Արամ Ղարաբեկյանն առաջին մարդը եղավ, ով գնահատեց «Թագուհի Էլիզաբեթ» միջազգային մրցույթում տարածս հաղթանակի կարևորությունը, հնարավոր ամեն ինչ արեց, որ հայ հասարակությունն իրազեկվի այդ պատմական փաստի մասին: Հենց այդ առիթով ինձ հրավիրեց Հայաստան՝ համատեղ համերգով հանդես գալու: Հիշում եմ՝ ինձ համար մեծ տոն էր, որ մրցույթում հաղթեցի ու հաղթանակով եկա իմ երկիրը»:
Իտալացի Մարիո Ստեֆանո Պիեդրոդարկին նշեց, որ երբեք չի կարող մառանալ այն օրերը, որոնք անցկացրել է մաեստրոյի հետ. «Շնորհակալ եմ նրան, որ իմ երաժշտությունը ճանաչելի դարձրեց Հայաստանում: Ինձ համար շատ թանկ մարդ է: Հիշում եմ, թե ինչքան նվիրված էր աշխատանքին, նրա դրական էմոցիաները»:
Նշենք, որ նախքան համերգը, թատրոնի ճեմասրահում բացվելու է ցուցահանդես, որտեղ ներկայացվելու է Արամ Ղարաբեկյանի կյանքին, գործունեությանը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում, վերաբերող լուսանկարներ:
Ա. Ղարաբեկյանը ծնվել է 1955թ. Բոստոնում: Սովորել է Բոստոնի «New England» կոնսերվատորիայում, որից հետո ուսումը շարունակել է Գերմանիայի Մայնց քաղաքում: Դիրիժորական արվեստ է սովորել Ֆրանկո Ֆերարայի մոտ: 1979թ. Գերմանիայում եղել է հանրահայտ Ս.Չելիբիդակեի աշակերտը: Սովորել է նաև Ջ.Դրուգմանի և Լ.Բերնշտայնի մոտ: Եղել է Հայաստանի պետական Կամերային նվագախմբի ղեկավարն ու դիրիժորը: 1983թ. հիմնել է Բոստոնի «Սինֆոնովա» նվագախումբը, որը ղեկավարել է մինչ 1991թ.: Աշխատել է Կիևի ռադիո և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի հետ և միասին թողարկել է «Ռոմեո և Ջուլիետ» սկավառակը, որից հետո Ուկրաինայի մշակույթի նախարարը դիրիժորին նշանակել է իր գլխավոր խորհրդական: Ղեկավարել է նաև Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը ու Օպերայի և բալետի թատրոնը: Աշխատել է նաև Զագրեբի սիմֆոնիկ նվագախմբի հետ` որպես հրավիրված դիրիժոր: Հետագայում ղեկավարել է մի շարք նվագախմբեր` Հայաստանի և Ֆրեզնոյի ֆիլհարմոնիկ, Շրեվեպորտի, Հանգչջոուի և Զեջիանգի սիմֆոնիկ: 1988թ. արժանացել է ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և խմբագիրների (ASCAP) մրցանակին, 1989թ.` Լյուսիեն Վուլսինի մրցանակին: Արժանացել է նաև Հարվարդի ասոցիացիայի երաժշտական մրցանակին, 2007թ.` ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: 1997 թվականին ՀՀ մշակույթի նախարարության հրավերով ստանձնել է վերակազմավորված Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարությունը՝ կարճ ժամանակաընթացքում նոր շունչ ու ոգի հաղորդելով խմբի գործունեությանը: Արամ Ղարաբեկյանը մահացել է 2014 թվականի հունվարի 11-ին ԱՄՆ-ում :