Տիգրան Մանսուրյան. Մեծագույն սխրանք է այն, ինչ արել է Կոմիտասը
«Կոմիտաս-կոմպոզիտոր: Կոմիտասն անձամբ այս մասնագիտական եզրույթը չի գործածել, չի ասել կոմպոզիտոր եմ: Ծայրահեղ առաքինության, պարկեշտության արտահայտություն: Կան մարդիկ, ովքեր իրենց արվեստի բնագավառում մեծագույն հաջողությունների հասնելուց հետո էլ խուսափել էլ նշել որևէ տեղ կոմպոզիտոր եզրույթը»,- Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի կունեցած հանդիպում-զրույցի ժամանակ ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ ներկայացնելով
Կոմիտասին որպես հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: Կոմիտասի անվան հետ է կապված հայ երաժշտության թևակոխումը մասնագիտական փուլ:
Տ. Մանսուրյանը վեր հանեց այն սկզբունքներից մի քանիսը, որոնցով Կոմիտաս Վարդապետը դրել է հայ կոմպոզիտորական արվեստի հիմքերը, որոշ գործերի օրինակով ի ցույց դրեց այդ սկզբունքների կիրառման կենդանի նմուշներ։
Ըստ Տ. Մանսուրյանի, այդ ժամանակ կոմպոիզտոր բառը նորություն էր, թեև դրանով զբաղվող մարդիկ եղել են:
«Հիշեցի Ղազարոս Սարյանին, ով նույնպես գերադասել է երաժիշտ եզրույթը: Նա էլ բազմաշերտ գործունեություն է ծավալել՝ դասավանդել է, ստեղծագործել: Ճիշտ այդպես, ավելի բազմածավալ գործունեության միջով է անցել Կոմիտասն իր ամբողջ կյանքում: Զարմանալի է՝ հայ երաժշտության բոլոր բնագավառների միջով անցել է Կոմիտասը, յուրաքնաչյուրի մեջ խորացել, վերլուծել: Զարմանում ես, թե ինչ արդյունքի է հասել ամեն մի ոլորտում՝ խազագրություն, երգչախումբ ղեկավարել և այլն: Այս ամբողջի արդյունքում է նրա կոմպոզիտորական արվեստը: Այս ամենի արդյունքում է նա հիմք դնում հայ կոմպոզիտորական դպրոցի»,- ասաց Տ. Մանսուրյանը:
Կոմպոզիտորի խոսքով, Կոմիտասը մեծ տեսաբան էր, միաժամանակ տիրապետում էր եվրոպական կոմպոզիտորական արվեստի փորձին, մեծ ագահությամբ ընկալում այն:
«Զարմանալի հմտությամբ տիրապետում էր եվրոպական, համաշխարհային երաժշտաարվեստի հիմքերին, հայկական երաժշտաարվեստի ամբողջ տեսական հիմքերին: Այդ երկուսն իրար հետ խաչաձևում, իրարով հարստացնում էր: Սա շատ բեղամնավոր ուսումնասիրության նյութ կարող է լինել, որն այսօրվա սերնդին շատ պետք է, քանի որ այսօր էլ խնդիր կա՝ ինչպես մնալ ազգայինի սահմաններում, միաժամանակ միանալ համընդհանուր մեծ շարժմանը, ինչպես Կոմիտասն էր արել իր ժամանակի համար: Մեծագույն սխրանք է այն, ինչ արել է Կոմիտասը»,- ասաց Տ. Մանսուրյանը:
Թեմային առնչվող հրապարակումներ՝
Գերմանական արխիվներում Կոմիտասին վերաբերող փաստաթղթեր են փնտրվում
«Կոմիտասագիտությունը գրեթե չի զբաղվել մեծ երգահանի լուսանկարների ուսումնասիրությամբ». Նոր հրատարակություն
Հոգեբույժ Ռիտա Սուլահյան-Կույումջյանը փորձել է վեր հանել Կոմիտասի հոգեբանական բնութագիրը
«… ինչպես և ինչու հարցերը մշտապես ուղեկցում են Կոմիտասին»
Այդքան հայտնի ու անհայտ Կոմիտասը