«Գնում ծառերը տեսնում եմ, լացս գալիս է». Գյուղացին դժգոհեց նախարարին
«Մեզ ջուր է պետք: Գյուղատնտեսության համար առաջնահերթը ջուրն է: Քսան օր է, չեմ կարողանում ծառերը ջրել: Գնում տեսնում եմ, լացս գալիս է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Աշտարակի Ոսկեհատ գյուղի բնակիչ Սամվել Զաքարյանը:
Երևանի Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարևանությամբ) բացված գյուղատնտեսական տոնավաճառում նա այսօր վաճառում էր այգու խնձորը, սալորը, դեղձը:
Նրա խոսքով, իրենց մոտ սկսվել է բերքի անկում, քանի որ ջուր չկա. «Գյուղատնտեսության անկում կա, ջուր չունենք: Եթե 20-25 օր ծառը չենք ջրում, ինչ է նշանակում, եթե ոչ սրիկայություն: Բերքը կայրվի, կգնա: Մարդիկ տապոռներն առած իրար վրա են հասնում, թե ում պետք է ջուր բաժին հասնի: Իբր Սևանն են պաշտպանում»:
Ս.Զաքարյանը խնդիրը ներկայացրեց նաև գյուղատնտեսական տոնավաճառ այցելած գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին: Նա ասաց, որ պետք է դիմել պատասխանատու մարմիններ, մարզային կառույցներ:
«Ոչ մեկը հաշվի չի առնում գյուղացուն: Գյուղապետն ասում է՝ իմ կառույցը չէ»,- ասաց Ս. Զաքարյանը:
Նախարարը նշեց, որ կաշխատեն լուծումներ գտնել:
Լրագրողների հետ զրույցում Ս. Կարապետյանն ասաց. «Տեղեր կան, որտեղ ոռոգման ջրի սպասարկումը մի քիչ վատ է, կապված է ջրի քանակից: Արմավիրի մարզում երեք համայնք կա, որտեղ ջուրը դժվար է հասնում: Խնդիրը լուծելու համար ջուր են տալիս գրաֆիկով: Միաժամանակ բոլորին ապահովել հնարավոր չէ: Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է: Մարզային կառույցների հետ փորձում ենք լուծումներ գտնել»: