Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են ԵՏՄ-ի ֆուտբոլիստների կարգավիճակի հարցը
Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի ու Ղրղզստանի ֆուտբոլիստները կարող են լեգեոներ չհամարվել այդ երկրների առաջնություններում:
Ինչպես հայտնում է «Սպորտ Էքսպրեսը», Ռուսաստանն ու Հայաստանը կառավարությունների մակարդակով բանակցություններ են վարում ԵՏՄ-ի անդամ երկրների խաղացողների կարգավիճակի վերաբերյալ: Ավելի վաղ ՌԴ սպորտի նախարար, ՌՖՄ նախագահի թեկնածու Վիտալի Մուտկոն չի բացառել, որ Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի ու Ղրղզստանի ֆուտբոլիստները կարող են լեգեոներ չհամարվել, սակայն, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա 2018 թ. աշխարհի առաջնությունից հետո:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2015 թ. հուլիսի 1-ին ստորագրել է հրամանագիր, որով սահմանափակվում է լեգեոներների թիվը ձմեռային ու ամառային խաղային մարզաձևերում: Մինչ այդ օրենքը հավանության էր արժանացել կառավարության ու Պետդումայի կողմից: Իսկ հուլիսի 14-ին ՌՖՄ գործադիր կոմիտեն նոր սահմանափակում է սահմանել Ռուսաստանի ֆուտբոլային Պրեմիեր լիգայում, որի համաձայն՝ նույն թիմի կազմում խաղադաշտում միաժամանակ չեն կարող 6-ից ավելի ֆուտբոլիստներ լինել, ովքեր չեն կարող հանդես գալ Ռուսաստանի հավաքականում: Բացառված չէ, որ հաջորդ մրցաշրջանում սահմանափակումը խստացվի, և խաղադաշտում միաժամանակ գտնվելու իրավունք ունենան 5 արտասահմանցիներ:
Սակայն, ինչպես արդեն նշեցինք, Ռուսաստանն ու Հայաստանը բանակցություններ են սկսել՝ ԵՏՄ-ի անդամ երկրների խաղացողների կարգավիճակի վերաբերյալ: Եվրասիական տնտեսական միության բոլոր օրենքների համաձայն՝ ԵՏՄ-ի անդամ պետությունների ֆուտբոլիստները չպետք է արտասահմանյան աշխատուժ դիտարկվեն նույն պետությունների առաջնություններում:
Նշենք, որ լեգեոներների թվի սահմանափակման խնդիր կա ԵՏՄ-ի անդամ ևս երկու երկրում: Ղազախստանում թիմի հայտացուցակում մեկ մրցաշրջանի համար չի կարող 8-ից ավելի լեգեոներ լինել, իսկ Բելառուսում միաժամանակ խաղադաշտ չեն կարող մտնել 4-ից ավելի խաղացողներ: Ճիշտ է՝ եթե պայմանագրի ստորագրման պահին ֆուտբոլիստն օրացուցային տարվա ընթացքում մասնակցել է հավաքականի հանդիպումների կեսից ավելիին, արդեն լեգեոներ չի համարվում:
Հայաստանում նման սահմանափակում պարզապես գոյություն չունի: Բացառություն է կազմում դարպասապահի գիծը. այստեղ արտասահմանցի դարպասապահներ չեն կարող լինել ոչ հայտացուցակում, ոչ էլ խաղադաշտում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում