ՀՀ նախագահ. ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների հաջող ավարտը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում
«Լիահույս եմ, որ առաջիկայում կմեկնարկեն Հայաստան-Եվրոպական միության նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, որոնց հաջող ավարտը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում»,- ՀՀ նախագահական նստավայրում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ես կրկին ողջունում եմ Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Տուսկին Հայաստանում և իմ գոհունակությունն եմ հայտնում մեր այսօրվա զրույցի վերաբերյալ: Նմանօրինակ հանդիպումները լավ հնարավորություն են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու, մեզ հուզող բազմաթիվ հարցերի շուրջ մտքեր ու գաղափարներ փոխանակելու համար:
Մենք շահագրգիռ ենք, որ պարոն Տուսկի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի հարաբերությունները մեր կարևորագույն գործընկերներից մեկի՝ Եվրոպական միության հետ շարունակեն ընդլայնվել, ինչը, վստահ եմ, կնպաստի մեր միջև ձևավորված երկարամյա կառուցողական երկխոսությանը:
Մենք արձանագրեցինք, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով: Դա վկայում է այն մասին, որ առկա են երկուստեք քաղաքական կամք և հանձնառություն և, որ ամենակարևորն է՝ ընդհանուր արժեհամակարգ, որի վրա կառուցում ենք զարգացման մեր ուղին: Վստահ եմ, որ մեր հարաբերությունների սերտացումը, Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և բարեփոխումների հետագա խորացումը կրելու են շարունակական բնույթ:
Այդ մասին են վկայում ինչպես մեր ակտիվ փոխգործակցությունը եվրոպական երկրների հետ երկկողմ մակարդակում, այնպես էլ ԵՄ տարբեր կառույցների հետ շարունակվող աշխատանքը:
Անդրադառնալով սույն թվականի մայիսի 21-22-ը կայացած Արևելյան գործընկերության չորրորդ գագաթնաժողովի արդյունքներին` մենք գոհունակությամբ նշեցինք, որ Ռիգայում ամրագրվեց տարբերակված մոտեցմամբ ԵՄ և գործընկեր երկրների միջև փոխշահավետ համագործակցություն ծավալելու հանձնառությունը»:
Երկրի ղեկավարը նշեց, որ Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Տուսկի այցը լավագույնս վկայում է, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև առկա են ընդհանուր ըմբռնում և փոխադարձ հետաքրքրություն` խորացնելու առկա կապերն ու շփման ձևաչափերը: