ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հաստատեց Իրանի միջուկային համաձայնության մասին բանաձևը
«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հաստատեց Իրանի միջուկային համաձայնության մասին բանաձևը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ քիչ առաջ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հաստատեց միջուկային խնդրի կարգավորման մասին Վիեննայում Իրանի և «5+1 խմբի» միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևը:
Անվտանգության խորհրդի 15 անդամները կողմ են քվեարկել այդ բանաձևի ընդունման օգտին:
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ մինչ անվտանգության խորհրդի նիստը՝ Եվրամիության որոշմամբ՝ ևս հաստատվել է Իրանի միջուկային համաձայնությունը:
Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ անվտանգության խորհրդի կողմից ներկայացված բանաձևի հաստատումից հետո Թեհրանը հանդես կգա հայտարարությամբ: