Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը լեգենդար Մեթայի ղեկավարությամբ` ՀՀ-ում
«Երևանյան Հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևանում տեղի կունենա իրադարձային համերգ. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը` լեգենդար դիրիժոր Զուբին Մեթայի ղեկավարությամբ։ Համերգը կայանալու է սեպտեմբերի 3-ին: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին փառատոնի կազմակերպիչները:
Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը աշխարհի լավագույն նվագախմբերից է, որն արդեն շուրջ 80 տարի գրավում է աշխարհի առաջատար բեմերը, մշակութային օջախները և հյուրընկալվում ամենահեղինակավոր երաժշտական փառատոների կողմից։
Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարը աշխարհահռչակ դիրիժոր Զուբին Մեթան է։ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին Զուբին Մեթան հազարավոր համերգներով հանդես է եկել 5 աշխարհամասերի լավագույն բեմերում։ Նա ղեկավարել է և հանդիսանում է աշխարհի առաջատար նվագախմբերի «պատվավոր դիրիժորը», ինչպիսիք են Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլն։ Զուբին Մեթան արժանացել է բազմաթիվ տիտղոսների և մրցանակների Երուսաղեմի եբրայական համալսարանի և Վեիզման ինստիտուտի պատվավոր դոկտոր է, Ֆլորենցիայի և Թել Ավիվի պատվավոր քաղաքացի և այլն։ 2011թ-ին Զուբին Մեթան իր անվամբ աստղ է ստացել Հոլիվուդի հայտնի «Փառքի բուլվար»-ում։
«Երևանյան Հեռանկարներ»-ը դասվում է Եվրոպայի լավագույն փառատոների տասնյակում՝ ծրագրում ներկայացնելով աշխարհի առաջատար նվագախմբեր և մենակատարներ, որոնց թվում Վիեննայի Ֆիլհարմոնիկ և Թագավորական Կոնցերգեբաու, Մարիինյան սիմֆոնիկ և Բեռլինի պետական նվագախմբերը, Վալերի Գերգիևին, Դանիել Բարենբոյմին, Պինկաս Ցուկերմանին, Եվգենի Կիսինին, Մաքսիմ Վենգերովին, այլ ականավոր երաժիշտների շարքում: Փառատոնն իրականացնում է մշակութային քաղաքականությանը և կրթությանը վերաբերող լայնածավալ ծրագիր, որի շրջանակներում սույն թվականի ապրիլին բացվել է Փառատոնի ակադեմիան` Բյուրականում: Զուգահեռաբար ընթանում է «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարը, որի շրջանակներում «Երևանյան հեռանկարների» բարեկամ աշխարհահռչակ երաժիշտները համերգներով հանդես են գալիս ամենահեղինակավոր համերգասրահներում՝ հարգանքի տուրք մատուցելով և հրավիրելով միլիոնավոր մարդկանց ուշադրությունը` Հայոց Ցեղասպանության վերջնական ճանաչման հարցին: Փառատոնն անց է կացվում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, իսկ Իսրայելի Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Զուբին Մեթայի հիրավի պատմական այցը իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա