Նախարար. Նախատեսում ենք 2016 թվականը հայտարարել հավասար հնարավորությունների տարի (տեսանյութ)
«Նախատեսում ենք 2016 թվականը հայտարարել հավասար հնարավորությունների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի լուծմանը նվիրված տարի»,- լրագրողների հետ ճեպազրուցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նշենք, որ այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2016 թվականի տարեկան ծրագիրը և սոցիալական ձեռնարկությունների իրավական կարգավիճակի հստակեցման նպատակով իրականացված աշխատանքները:
«Վերջին տարիներին բավականին մեծ աշխատանքներն են իրականացվել այս ուղղությումբ: Կարևորում եմ, որ անցում ենք կատարել համակարգային խնդիրների լուծմանը, մասնավորապես ներմուծել ենք նոր մոտեցում ունիվերսալ դիզայնի հետ կապված, որ միջավայրի մատչելիությունն ապահովելը պետք է լինի ոչ թե ցանկություն, այլ պարտադիր պահանջ, կիրառելի լինի բոլոր ոլորտներում իրականացվող ծրագրերում, միջոցառումներում, նախագծերում»,- ասաց նախարարը:
Ա. Ասատրյանի խոսքով, համապատասխան բոլոր պետական մարմինները հանձնարարություն են ստացել, որ բացի այն միջոցառումներից, որոնք իրականացվում են, մեծ տեղ պետք է գտնեն նաև մատչելի միջավայրի ձևավորմանն ուղղված միջոցառումները. «Հաշմանդամություն ունեցող անձնած հիմնական խնդիրը հասարակությանն ինտեգրված լինելն է: Մենք պետք է ոչ միայն իրականացնենք սոցիալական ապահովության ծրագրեր, այլ պետք է հասկանանք, որ նրանցից յուրաքանչյուրը մեզանից մեկն է, հնարավորություն ընձեռել դրսևորվել: Սա ամենակարևոր խնդիրն է»:
Մանրամասները՝ տեսանյութում: