Պրոֆեսոր Ալիսոն. ԱՄՆ Կոնգրեսը չունի անհրաժեշտ քվե, որպեսզի չեղարկի Իրանի միջուկային համաձայնությունը
«ԱՄՆ Կոնգրեսը չունի անհրաժեշտ քվե, որպեսզի չեղարկի Իրանի միջուկային համաձայնությունը»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նման համոզմունքն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Ռեյգանի կառավարության ՊՆ հատուկ խորհրդական, Բելֆերի համալսարանի միջազգային հարաբերությունների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Գրահամ Ալիսոնը:
Ամերիկացի նախկին բարձրաստիճան պաշտոնյան, անդրադառնալով Վիեննայում միջուկային խնդրի կարգավորման շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև ձեռք բերված համաձայնությունը ԱՄՆ Կոնգրեսի կողմից հավանության արժանանալու հավանականությանը, մասնավորապես նշել է. «Ակնկալում եմ, որ Կոնգրեսը միջուկային համաձայնությունը լուրջ կուսումնասիրի և գնահատական կտա, նույնն ակնկալում եմ նաև Իրանի Մեջլիսից: Սակայն քիչ հավանական եմ համարում, որ Կոնգրեսը կկարողնա քվեների 2/3-ով բեկանել Իրանի միջուկային խնդրի կարգավորման հարցում նախագահի կայացրած որոշումը»:
Այն հարցին, թե Կոնգրեսի կողմից նախագահի վետոյի իրավունքը չեղարկելուց և միջուկային համաձայնություն մերժելուց հետո ինչպիսի՞ իրավիճակ կստեղծվի, պրոֆեսոր Ալիսոնը պատասխանել է. «Միջուկային համաձայնության մերժումը կհանգեցնի Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների կողմից նոր պատժամիջոցների սահմանմանը, ինչին ի պատասխան, Իրանն էլ կսկսի ուրանի 20 տոկոս հարստացման գործընթացը»:
Գրահամ Ալիսոնը, անդրադառնալով այն հարցին, թե Իրանի միջուկային համաձայնությունն ի՞նչ ազդեցություն կունենա ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրությունների վրա, նշել է, որ եթե համաձայնագիրը մերժվի Կոնգրեսի և Մեջլիսի կողմից, ապա այն իր ազդեցությունը կունենա ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իրանի նախագահական ընտրությունների վրա:
Անդրադառնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ նախօրեին ընդունած բանաձևին՝ պրոֆեսոր Ալիսոնը նշել է. «Սույն բանաձևի ընդունմամբ՝ Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ ընդունված նախորդ բանաձևերը չեղարկվում են, սակայն մյուս հարցերին, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներին վերաբերող բանաձևերը պահպանվում է, քանի որ այն չի առնչվում բանակցություններին»: